Ղարաբաղում դիտակետերում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են մոտ 100 ռուս խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքում և կողմերի շփման գծի երկայնքով տեղակայված դիտակետերում սկսել են խաղաղապահների պատվաստումները: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Օրվա ընթացքում ՌԽԶ բժիշկների արտագնա բրիգադները Լեռնային Ղարաբաղի Մարտունիի և Մարտակերտի շրջանների երեք դիտակետերում պատվաստել են մոտ 100 զինծառայողների:

Լեռնային Ղարաբաղ է առաքվել պատվաստանյութի ընդհանուր շուրջ 2 հազար դեղաչափ, որպեսզի ընդգրկեն խաղաղապահների ամբողջ անձնակազմին: Պատվաստանյութը բերվել է հատուկ ջերմակոնտեյներներով, որոնք ապահովել են փոխադրելիս պատվաստանյութերի անխաթարությունը:

Պատվաստումը կատարվում է 2 փուլով: Հունվարի 14-31-ը ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-ից 28-ը՝ երկրորդը, տեղեկացնում է News.am: