ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՐՑԱԽԻ ՕՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
News.am կայքում հրապարակվել էր տեսանյութ՝ կառավարության շենքի մոտ ժամկետային զինծառայողների ծնողների կազմակերպած ակցիայի մասին։ Այդ կարգի ակցիաները վերջին շրջանում արդեն սովորական են դարձել, սակայն մայրերից մեկը հանդես եկավ ցնցող հայտարարությամբ։ Նրա խոսքերով, զինվորների ծնողների հետ Ամանորի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նայելով իր աչքերին, հայտարարել է հետևյալը. «30 տարի է տեղյակ ենք, որ դա ադրբեջանական հող է»: Ավելորդ է ասել, որ խոսքը Արցախի մասին է, թեև հանուն արդարության նշենք, որ նման կերպարներից միանգամայն կարելի է այդօրինակ հայտնություններ ակնկալել նաև բուն Հայաստանի տարածքի վերաբերյալ։
Անցել է մի ամբողջ օր։ Ո՛չ անձամբ Սարգսյանից, ո՛չ էլ վարչապետի աշխատակազմից որևէ հերքում չի հաջորդել։ Հետևաբար՝ արձանագրում ենք. Հայաստանի վարչապետի օգնական հանդիսացող անձը ոչ միայն համարում է, թե Արցախը ադրբեջանական հող է, այլև համոզված է, թե նույն կարծիքին է նաև Հայաստանի բնակչությունը։ Ավելին, նա այդ մասին բաց տեքստով ասում է այն կնոջը, որի որդին ծառայում է Պաշտպանության բանակում, գերազանց հասկանալով, որ դա կարող է հայտնի դառնալ հասարակայնությանը։ Վստահաբար կարելի է պնդել, որ այդ հայտարարությունը նա արել է միտումնավոր, հենց հրապարակման ակնկալումով։ Այդպիսին է ներկայումս կառավարության քաղաքականությունը. Արցախը հանձնելուց հետո կամաց-կամաց իրականացնել Հայաստանի Հանրապետությունից մեր Հայրենիքի անքակտելի մասի՝ Արցախի Հանրապետության օտարման գործընթաց։
Արդեն վաղուց կասկածից վեր է, որ Փաշինյանն ու իր գլխավորած թիմը արտաքին ուժերի կողմից իշխանության են բերվել հենց Արցախը հանձնելու նպատակով։ Արդեն կասկածից վեր է, որ այս ամենը պատրաստվել է վաղուց ու ծածուկ, տասնյակ հասարակական կազմակերպությունների ջանքերով. դրանք Հայաստանում տարիներ շարունակ ջանադրաբար իրականացրել են դրամաշնորհային տարբեր նախագծեր, որոնք առաջին հայացքից ուղղված էին «խաղաղարարությանը» և հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսության հաստատմանը, իսկ իրականում աշխատել են հայ հասարակությանը Արցախի հանձնմանը հոգեբանորեն նախապատրաստելու ուղղությամբ։ Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլը գերակատարել է նույնիսկ իր հոգևոր ուսուցիչ Տեր-Պետրոսյանի ծրագիրը, որը ուղիղ 32 տարի առաջ, հեռանալով նախագահի պաշտոնից, կանխատեսեց, որ «Հայաստանը հետագայում ստիպված է լինելու համաձայնել ավելի վատ պայմանների»։
Համարձակվենք ենթադրել, թե ԼՏՊ-ն այնուամենայնիվ չէր սպասում, որ իր քաղաքական հոգեզավակն այդպիսի դավաճանական եռանդ կցուցաբերի։ Բայց դա արդեն կարևոր չէ... Ինչպեսև կարևոր չէ հարց տալ. այն դեպքում ինչո՞ւ էր 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ճղավում. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Ամեն ինչ արդեն պարզ է բոլորի համար։ Այդ թվում՝ այն փաստը, որ Փաշինյանը իշխանության է եկել ի սկզբանե գիտակցելով, որ Արցախն իր համար բեռ է, որից պետք է հնարավորինս շուտ ազատվել։
Այժմ քայլարաստներին թվում է, թե իրենք գրեթե ազատվել են, և մեր Հայրենիքի մնացած փոքրիկ պատառիկը ոչ այլ ինչ է, քան ցավալի թյուրիմացություն, որը նույնպես պետք է վերացնել եթե ոչ թե ռազմական, ապա այլ միջոցներով: Ուստի Հայաստանի բնակչությանը թուրքերի հետ խաղաղության, բարեկամության և տնտեսական համագործակցության նախապատրաստելուն զուգընթաց, ինչը, կապիտուլյանտների կառավարության մտահղացմամբ, մեզ խոստանում է բացառապես օգուտ ու բարգավաճում, ակտիվ ընթանում է Արցախը Հայաստանից օտարելու գործընթաց։ Իրականացվում է մեր հայրենակիցների հետ կապերից, նրանց ցուցաբերվող աջակցությունից, օգնությունից աստիճանաբար հրաժարվելու, իսկ գլխավորը՝ Արցախի անվտանգության երաշխավորի դերից արդեն ըստ էության պաշտոնապես հրաժարվելու թուրքական ծրագիր և լավագույն դեպքում ռուսների ուսերին դնելու այդ առաքելությունը։
Իսկ ամենագլխավորը. Փաշինյանը պատրաստվում է իրականացնել Ալիևի նվիրական երազանքը՝ հրաժարվել Հայաստանի քաղաքացիների ծառայությունից Արցախի տարածքում։
Նախորդ օրերին արդեն տեղի են ունեցել ծնողների մի քանի ակցիաներ, որոնք անվտանգության երաշխիքներ են պահանջում Արցախ մեկնող իրենց որդիների համար։ Նրանց խոսքերով՝ անվտանգ չէ այն ճանապարհը, որով տանում են զորակոչիկներին, իսկ վերջին օրերի միջադեպերը տագնապ են առաջացնում արդեն ծառայության վայրում գտնվող տղաների համար։ Իրենց երեխաների համար անվտանգության երաշխիքներ պահանջող ծնողներին սկզբունքորեն հասկանալ կարելի է, սակայն մի շարք փորձագետներ այն ժամանակ ենթադրեցին, որ այդ ակցիաները կազմակերպվում են միտումնավոր կամ հրահրվում իշխանությունների կողմից որոշակի նպատակներով։ ՊՆ-ի պարզաբանումների բացակայությունը միայն խորացրեց այդ կասկածները։
Դեռ Ամանորից առաջ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս Հայաստանից զորակոչված զինծառայողներին մուտք գործել Արցախի տարածք։ Դրանից անմիջապես հետո սկսեցին ասել, որ խոչընդոտները հարուցում են հենց Հայաստանի իշխանությունները՝ Արցախում հայաստանցի ժամկետայինների զինծառայությունից աստիճանաբար հրաժարվելու նպատակով, իբր՝ ոչ իրենց մեղքով։ Այդ տեղեկություններն ու լուրերը կրկին ոչ մի կերպ չեն մեկնաբանել ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ Պաշտպանության նախարարությունը։
Մյուս կողմից, Ադրբեջանը ռազմական գործողությունների դադարեցումից հետո էլ շարունակում է ահագնացնել Արցախի բնակչության վրա գործադրվող ճնշումն ու հոգեբանական տեռորը։ Պարբերաբար հաղորդագրություններ են հայտնվում Շուշիից Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցների մասին, և որ ամենացավալին է, արդեն բուն ԼՂՀ իշխանությունները, ի դեմս Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակի, տարօրինակ կերպով փորձում են մեղքը բարդել... հենց ստեփանակերտցիների վրա, թե իբր՝ կրակ են բացել հարբած վիճակում։ Եվ միայն հունվարի 13-ի միջադեպը, երբ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորվեց Պաշտպանության բանակի մի զինծառայող, ստիպեց պաշտոնական Ստեփանակերտին հանդես գալ ավելի հստակ հայտարարությամբ։
Իսկ Երևանում դրան ոչ մի կերպ չարձագանքեցին։ Չհաջորդեց ո՛չ ԱԳՆ-ի, ո՛չ էլ ընդհանրապես կառավարության հայտարարություն։ Հայաստանը հարկ չհամարեց պարզաբանումներ պահանջել Բաքվից և դիմել ռուսական կողմին՝ այդ խախտումը դատապարտելու կոչով։ Երևանն ընդհանրապես վաղուց չի արձագանքում այն ամենին, ինչ անում է Ադրբեջանը Արցախում. այստեղ լռեցին նույնիսկ ի պատասխան Ալիևի այն հայտարարության, թե իբր՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն առանց Ադրբեջանի թույլտվության այցելել Արցախ։ Ճիշտ է, ամանորյա արձակուրդից հետո ինչ-որ մանկական թոթովանք այնուամենայնիվ հնչեց ԱԳՆ-ից, թեպետ՝ Ալիևի վաղուց արդեն չափ ու սահման անցած լկտիությանը բոլորովին ոչ համարժեք։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի սև օրից անցել է չորսուկես ամիս։ Ո՛չ պատերազմի օրերին, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանի՝ ավելի քան 26 տարի շարունակ երկրորդ հայկական պետության անվտանգության երաշխավորը հանդիսացող երկրի վարչապետ կոչվող անձնավորությունը հարկ չհամարեց այցելել վիրավոր, տանջահար, բայց մեր ժողովրդի համար սրբազան լինել չդադարած այդ հայկական երկրամաս: Պատերազմի ժամանակ նա այնտեղ ուղարկեց իր կնոջը՝ բանակային հրամանատարությանը «բարոյական աջակցություն» ցուցաբերելու, ինչպես հայտարարեց ինքը՝ Փաշինյանը։ Թե իրականում որն էր Աննա Հակոբյանի առաքելությունը, դեռ պետք է պարզենք։ Արդեն պատերազմից հետո Փաշինյանը փորձեց շոշափել Արցախում տիրող տրամադրությունները դարձյալ կնոջ օգնությամբ. հիշենք նախամանորյա օրերին նրա հիմնադրամի նախատեսած միջոցառումը արցախցի փոքրիկների համար։
Շոշափեց ու հասկացավ, որ այնտեղ ավելի լավ է քիթը խոթեն ո՛չ Հակոբյանը, ո՛չ էլ ինքը։ Փաշինյանը գերազանց հասկանում է, թե ինչ ընդունելություն է իրեն սպասում Արցախում, որտեղ դեռ 2019-ի օգոստոսին ժողովուրդը հրճվանքով արձագանքեց «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը։ Եվ չի էլ խցկվի այնտեղ, ճիշտ այնպես, ինչպես քիթը տրորած վերադառնալով Սյունիքից՝ չի հանդգնում խցկվել Հայաստանի որևէ այլ մարզ։
Բայց դա ամենևին էլ խոչընդոտ չէ ո՛չ իր, ո՛չ էլ իր զինակիցների համար, որպեսզի շարունակեն իրականացնել իրենց հակահայկական «առաքելությունը» և Արցախը հանձնելուց հետո պոկեն Հայաստանի մասը Մայր Հայաստանից։ 80-ականների վերջի «միացում»-ից հետո Փաշինյանին հանձնարարված է իրականացնել «անջատում», և դրանով իսկ հերթական անգամ հաճոյանալ իր թուրք ոճրակիցներին։ Այսօր այդ ուղղությամբ աշխատում են թե՛ իր ֆեյքերի բանակը, թե՛ ամբողջ թիմը, և ամենևին էլ պատահական չէ, որ Հայաստանի շահերի տեսանկյունից չարագուշակ ու հանցավոր այդ թեզերը շարադրում է հենց Նաիրի Սարգսյանը՝ Փաշինյանի ամենախորշելի զինակիցներից մեկի, հայտնի «շիշ բռնող» Հայկ Սարգսյանի եղբայրը։
Ի դեպ, վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում նաև Սարգսյանների հոր մասին։ Մասնավորապես, մամուլը գրում է, որ 1996-ին սոցապ նախարարության կենսաթոշակային վարչությունը, իսկ 1997-ից՝ արդեն կենսաթոշակային հիմնադրամը գլխավորող Զարեհ Սարգսյանին այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հեռացրել է պաշտոնից՝ ահռելի չարաշահումների և յուրացումների համար։
Այսօր Նաիրի և Հայկ Սարգսյանները Փաշինյանին ամենահավատարիմ ու ամենամտերիմ մարդկանց շարքում են։ «Շիշ բռնողի» մասնակցությամբ սկանդալներ տեղի են ունենում գրեթե ամեն օր, իսկ երեկ արդեն ավելի լուրջ առիթով սկանդալի հեղինակ դարձավ Նաիրին։ Չնչին իսկ կասկած չկա, որ նման հայտարարությունները Փաշինյանը կարող էր վստահել միայն ամենահավատարիմ զինակցին։ Ինչպես նաև՝ որ այդ աստիճան դավաճանական, հակահայկական և հակազգային հանձնարարությունը կատարել կարող էր համաձայնել միայն տոհմազուրկ ու անամոթ արարածը, որի համար գոյություն չունի ո՛չ «Հայրենիք» հասկացություն, ո՛չ պատիվ, ո՛չ խիղճ, ո՛չ էլ բարոյական որևէ խոչընդոտ։
Ըստ էության, հենց այդպիսի մարդիկ են այսօր շրջապատում Նիկոլ Փաշինյանին։ «Շիշ բռնողներ», «անդոն» քոչարյաններ, ստյոպիկ սաֆարյաններ, դդմագլուխ նախարարներ, հայտնի լրտես արմանբաբաջանյաններ, ադրբեջանական շուկայի և menu.az ընկերության մասին երազող էկոնոմիկայի նախարար, Առաջին ալիքի եթերում Շուշին Շուշա անվանած երիտթուրք Ռուբինյան, մի որևէ, թեկուզ ամենաողորմելի պետական պաշտոնի մասին անրջել չդադարող և դրա համար եղբոր հիշատակը ոտնահարող Արամ Սարգսյան... Դե, ինչո՞վ շալվարավոր «Էրատո ջոկատ» չէ։