Ալեքսեյ Նավալնիին կալանավորել են

Գերմանիայից Մոսկվա ժամանած քաղաքական գործիչ Ալեքսեյն Նավալնիին բերման են ենթարկել «Իվ Ռոշե» ընկերությունից 26.8 մլն ռուբլի հափշտակելու մասին գործի շրջանակում փորձաշրջանը խախտելու համար, հայտնում են Դաշնային քրեակատարողական ծառայությունից, որտեղ նշել են, որ Նավալնին կալանավորվել էր, հաղորդում է Կոմերսանտ-ը:

«Շերեմետևո օդանավակայանում բերման է ենթարկվել Ալեքսեյ Նավալնին, որի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին հետախուզում էր հայտարարվել փորձաշրջանը բազմիցս խախտելու համար»,-հայտնել են քրեակատարողական ծառայությունից և հավելել, որ նա կմնա կալանքի տակ մինչև դատավճիռը:

Դաշնային քրեակատարողական ծառայությունից նշել են, որ բուժման ընթացքում Նավալնիին վարչություն չեն հրավիրել: «Սակայն 2020 թվականի հոկտեմբերին «Շարիտե» հիվանդանոցից պաշտոնական տեղեկատվությունից հայտնի էր դարձել, որ Նավալնին դուրս էր գրվել հիվանդանոցից 2020 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավելի ուշ նա ինքն էր հաստատել այդ տեղեկությունը»,-հայտնում են ծառայությունից:

Ալեքսեյ Նավալնին ժամանել է Շերեմետևո օդանավակայան հունվարի 17-ի երեկոյան, իսկ անցագրային հսկողությունն անցնելու հետո՝ բերման ենթարկվել: Ի սկզբանե ինքնաթիռը, որով նա ժամանել էր Մոսկվա, պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում, սակայն ուղղորդվել էր և վայրէջքի համար Շերեմետևո: Վնուկովոյից ելքն ու դեպի Շերեմետևո տարվող ճանապարհը փակել էին, տեղեկացնում է News.am: