Միքայել Մինասյան․ Չկա իշխանություն, ու այդ պատճառներով չկա ընդդիմություն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վստահ է, որ հրապարակելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնագործակալ լինելու փաստաթուղթը՝ արել է ոչ ճիշտ, ոչ էլ սխալ, այլ անհրաժեշտ և արդար բան:

«Գուցե հակադարձեք, որ պետության շահը չի ենթադրում գործակալական ցանցի լյուստրացիա։ Բայց պետություն այլևս չկա։ Չկա իշխանություն, ու այդ և մի շարք այլ պատճառներով չկա ընդդիմություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ Մինասյանը երեկ հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է։ Նրա պնդմամբ՝ այդ մասին իմացել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ու Միրզոյանին սպառնացել՝ կա՛մ դառնալու է «двойной агент» և աշխատելու է ԱԱԾ-ի համար, կա՛մ պատասխան է տալու պետական դավաճանության համար։ Նա սկզբում ընթերցեց, իսկ ավելի ուշ հրապարակեց, իր պնդմամբ, Արարատ Միրզոյանի ձեռքով 07.11.2007թ. գրված դիմումը։

«Չկա իշխանություն, ու այդ և մի շարք այլ պատճառներով չկա ընդդիմություն։ Ցավոք, չկա նաև ապստամբություն: Կա արնահոսող, անտեր երկիր, որ պատանդ է դավաճանների ու մարդասպանների ձեռքում, որոնց հանդուրժում են ցավից կուրացածները, տգիտությունից խլացածները և պատասխանատվությունից վախեցողները»,–նշել է նա։

Մինասյանի խոսքով` ինքը նկատում է, որ աստիճանաբար ռեինկարնացիա է լինում «ժողովրդի թշնամի» արտահայտությունը։

«Ու որքան գնում է ժամանակը, այդ թշնամիների ցանկն ավելանում է։ Որքան երկար մնան Նիկոլենք իշխանության, այնքան երկար նրանց սերունդները կկրեն «ժողովրդի թշնամու» պիտակը։ Իսկ այդ ցանկում միայն Նիկոլը, Աննան, Արարատը չեն։ Ցանկը՝ շարունակելի… Մնացածը՝ շուտով»,–գրել է Մինասյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։