Մարիա Զախարովան Բայդենի խորհրդական՝ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու մասին ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի պահանջը:

«Պարոն Նավալնիին հարկավոր է անհապաղ ազատ արձակել, իսկ նրա կյանքի նկատմամբ զարհուրելի մահափորձի մեղավորներին՝ ենթարկել պատասխանատվության: Պարոն Նավալնիի վրա Կրեմլի հարձակումները ոչ միայն մարդու իրավունքի խախտում են, այլ նաև մարտահրավեր ռուս ժողովրդին, որը ցանկանում է իր ձայնը լսելի դարձնել»,-ԶԼՄ-ները հաղորդում են ԱՄՆ ընտրված նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքերը:

«Ինչ եմ ցանկանում ասել պարոն Սալիվանին (ինչպես նաև բազմաթիվ արտերկրյա գործիչներին, որոնք հրապարակում են նախապես պատրաստված մեկնաբանություններ). հարգեք միջազգային իրավունքը, մի միջամտեք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությանը և զբաղվեք ձեր երկրի խնդիրներով»,-գրել է Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնում է News.am: