ԱԺ-ն օրակարգում չընդգրկեց եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու նախագիծը

ԱԺ պատգամավորները մերժեցին ԼՀԿ-ի նախագիծը` «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» որոշման նախագիծն օրակարգում ներառելու հարցը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, տրվել է բացասական եզրակացություն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ դեռ երկու ամիս առաջ էին նախագիծը փորձել ԱԺ բերել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը չներկայացավ նիստին։ Սիմոնյանը նշեց, որ արդեն իսկ փաստ կա`եռակողմ հայտարարությունն արդեն իսկ մեծամասամբ կիրառվել է։

«Փաստաթղթում մեկ կետ է մնացել, որը դեռ կյանքի չի կոչվել, և մենք առաջարկում ենք գոնե այդ կետը քննարկել։ Խոսքը, մասնավորապես, ռազմագերիներին հետ վերադարձնելու մասին է։ Կոչ եմ անում գործընկերներիս, որ առիթն օգտագործենք և այս ամբիոնից գերիների հարցը բարձրացնենք»,–ասաց պատգամավորը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ ԱԺ–ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու լիազորություն և ընթացակարգ չունի։ Հենց այս իսկ պատճառով էլ, ըստ Ջուլհակյանի, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տրել։

73 դեմ, 40 կողմ ձայների հարաբերակցությամբ էլ պատգամավորները մերժեցին նախագիծն ԱԺ օրակարգում ներառելու հարցը, տեղեկացնում է Sputnik Armenia։