Պատճառ չկա, որ Հայաստանի պաշտոնյաները չայցելեն Ղարաբաղ

Պատճառ չկա, որ Հայաստանի պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղ չայցելեն,- ասաց Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։

Հունվարի սկզբին Ադրբեջանի նախագահը սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի՝ Ստեփանակերտ կատարած այցի պատճառով։ Ալիևն ասել էր, որ պետք է վերջ տալ դրան, թե չէ Հայաստանն ավելի շատ կզղջա դրա համար։

Լավրովը հիշեցրեց, որ Հայաստանի ու Արցախի հայերի կապը պետք է պահպանվի, ու բոլորը համամիտ են այդ հարցում։

«Եվ եթե բոլորը համամիտ են, ապա չեմ տեսնում այնպիսի պատճառներ, որոնք պետք է խանգարեն այդ մակարդակով շփումներին։ Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, ինչը Բաքվում ոչ մի բացասական հույզեր չի առաջացնում։ Տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ», - ավելացրեց Լավրովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։