«ԱԶԳ-ԲԱՆԱԿ», ԹԵ՞ «ԱԶԳ-ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում ու սոցցանցերում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ հայկական բանակից հեռացնում են շուրջ 20 հազար պայմանագրային զինծառայողների՝ չերկարաձգելով նրանց հետ պայմանագիրը։ Այն ամենի խորապատկերին, ինչ տեղի է ունենում Արցախում, ինչպես նաև Հայաստանի սահմաններին, որտեղ բնակչության պաշտպանության հիմնական բեռն ընկած է աշխարհազորայինների ուսերին, այն դեպքում, երբ երկու հայկական պետությունների պետական սահմանների գիծն էականորեն ավելացել է, այդ հաղորդագրությունը անհասկանալի ու տագնապահարույց թվաց։ Սակայն Պաշտպանության նախարարությունից ոչ մի մեկնաբանություն չհաջորդեց, ինչը ստիպում է մտածել, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Եվ առավել արդիական դարձնում հետևյալ հարցը. ի՞նչ է կատարվում մեր բանակի հետ։

Այն կասկածը, որ Պաշտպանության նախարարությունում ընթանում են հասարակության համար գործնականում անտեսանելի, բայց ակնբախ բացասական գործընթացներ, ի հայտ եկավ դեռևս պատերազմի ժամանակ, երբ ՀՀ Զինված ուժերն այդպես էլ չգործարկվեցին, ինչի արդյունքում Հայաստանը չկատարեց Արցախի անվտանգության երաշխավորի իր առաքելությունն ու գործառույթը: Մենք չէ, որ պիտի քննենք պատերազմական հայ իրականության մեջ առկա առավել բարդ, կարևոր ու առեղծվածային հարցերից մեկը։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ և տեղի է ունենում արդեն պատերազմից հետո, չափազանց խոսուն ազդանշան է բանակում տիրող իրավիճակի և այն մասին, որ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ կեղտոտ գործեր են անում խառը իրավիճակի քողի տակ։

Վերևում արդեն հիշատակեցինք պայմանագրային զինծառայողների կրճատման հարցը, ինչն այդպես էլ անպատասխան մնաց ՊՆ-ի կողմից, այն դեպքում, երբ 20 հազարը հայկական ԶՈՒ-ի համար պատկառելի թիվ է։ Անհասկանալի խմորումների ևս մեկ ցուցիչ դարձան նորակոչիկների ծնողների ակցիաները, որոնք բողոքում են այն բանի դեմ, որ իրենց որդիները ծառայեն Արցախում, ինչպես նաև պահանջում վաղաժամկետ զորացրել մեկ տարի ծառայածներին: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ ակցիաները գաղտնի կերպով կազմակերպվում ու համակարգվում են իշխանությունների կողմից և միտված են բանակի հետագա կազմալուծմանը, ինչպես նաև Արցախից ՀՀ ժամկետային զինծառայողների դուրսբերմանը։

Անցած շաբաթ տեղի ունեցավ ևս երկու իրադարձություն, որոնք ուժգնացրեցին լուրջ կասկածներն այն առնչությամբ, թե ՊՆ-ում գործընթացներն ուղղված են ի նպաստ պետության շահերի: Խոսքը ՊՆ-ի երկու փոխնախարարների նշանակման մասին է։ Երկու պաշտոններն էլ թափուր էին նոյեմբերի 24-ից ի վեր, այսինքն՝ ավելի քան մեկուկես ամիս։ Եվ նորանշանակ պաշտոնյաները երկուսն էլ ոչ մի կապ չունեն բանակի հետ և իրենց մասնագիտական կարիերայի ընթացքում ոչ մի առնչություն չեն ունեցել ԶՈՒ-ի հետ։ Պարզ ասած, բացարձակ դիլետանտներ են ռազմական գործում։ Բայց ոչ միայն։

Առաջինը նշանակվեց Արման Սարգսյանը՝ նախկին ոստիկանապետը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի «հեղափոխությունից» անմիջապես հետո և հեռացվել աշխատանքից նախորդ տարվա հունիսին, ևս երկու ուժայինների՝ ԱԱԾ պետ է.Մարտիրոսյանի և գլխավոր շտաբի պետ Ա.Դավթյանի հետ միասին։ Պաշտոնանկությունները տեղի էին ունենում սկանդալների ու տարատեսակ ասեկոսեների խորապատկերին, իսկ Սարգսյանի պարագայում՝ նաև խոսակցությունների, որ հիմնովին ձախողել է աշխատանքը։ Անխուսափելիորեն հարց է ծագում. եթե գլխավոր ոստիկանը լավ է կատարել իր պարտականությունները, ապա ինչո՞ւ նրան հեռացրեցին։ Իսկ եթե վատ ոստիկանապետ էր, ապա ինչպե՞ս կարելի է ընդամենը կես տարի անց նշանակել նրան հատկապես ներկա պայմաններում անչափ պատասխանատու՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում։ Մանավանդ որ, կրկնում եմ, Արման Սարգսյանի ողջ մասնագիտական կյանքը կապված է եղել հենց ոստիկանության հետ և երբեք ոչ մի ընդհանուր բան չի ունեցել զինված ուժերի և Պաշտպանության նախարարության հետ։

Տրամաբանությունից զուրկ այս նշանակմամբ պայմանավորված տարակուսանքը հայ հասարակության մեջ խորացավ մի քանի օր անց, երբ պարզվեց, որ Սարգսյանն ընդ որում պատկերացում չունի, թե ինչով է զբաղվելու նախարարությունում։ Այսպես, այն հարցին, թե որ ոլորտներն է իրեն հանձնարարված ղեկավարել, փոխնախարարն անկեղծորեն պատասխանեց, որ այդ մասին հստակ տեղեկություններ ինքը չունի և առայժմ դեռ ծանոթանում է ՊՆ այն խնդիրներին, որոնք կարող է ընկալել և այնուհետ զբաղվել դրանցով։

Ուրիշ ի՞նչ կերպ անվանել նման մեկնաբանությունը, եթե ոչ պետական կառավարման ոլորտում տիրող բարդակի ճշգրիտ ախտորոշում, և դա առավելևս ցնցող է հնչում, քանզի վերաբերում է կարևորագույն գերատեսչության՝ Պաշտպանության նախարարության վիճակին։

Այնուհետ հրապարակվեց պաշտպանության մյուս փոխնախարարի անունը, և այդ երկրորդ նշանակումը է՛լ ավելի ամրապնդեց այն համոզմունքը, որ Փաշինյանը պատասխանատու պաշտոնների համար ընտրում է մարդկանց՝ հիմք ընդունելով ցանկացած այլ չափանիշներ, միայն ոչ մասնագիտական։ Քանզի եթե Արման Սարգսյանի պարագայում գործ ունենք ոստիկանի հետ, ապա Սուրեն Սահակյանի մասնագիտությունը դժվար է որոշել։ Ինչով ասես, որ չի զբաղվել այդ մարդն իր կյանքի ընթացքում, համաձայն հրապարակված կենսագրության։

Կրթությամբ ֆիզիկոս է, գիտությունների թեկնածու: 90-ականների սկզբին եղել է հարկային տեսչության պետ, այնուհետ վերաորակավորվել դիվանագետի և աշխատել Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը, հասել դեսպանի պաշտոնին և այդ կարգավիճակում եղել երեք տարի՝ 1999-2002 թթՈրից հետո, դատելով ամենից, մնացել է Մոսկվայում և մի շարք ղեկավար պաշտոններ զբաղեցրել անշարժ գույքի, շինարարության հետ կապված տարբեր ընկերություններում։ 2011-ից մինչև 2018 թվականն աշխատել է Հայաստանում, բայց արդեն բանկային ոլորտում։ Թե ինչով է զբաղվել վերջին երկու տարիներին՝ պատմությունը լռում է։

Սակայն պատմությունը չի լռում այն ուշագրավ փաստի մասին, որ Սուրեն Սահակյանը առնչություն է ունեցել նաև ոստիկանության հետ. 1991 թվականին նա աշխատել է Հայաստանի ներքին գործերի փոխնախարար։

Թե ինչ չափորոշիչով է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվում մի մարդ, որը մասնագիտական հետաքրլրությունների նման բազմազանությամբ հանդերձ երբեք գործ չի ունեցել ռազմական ոլորտի հետ, անըմբռնելի առեղծված է, և ոչ ոք չի պատրաստվում բացատրել այդ պարադոքսը հասարակությանը։ Եվ եթե Արման Սարգսյանը, բարձր պաշտոնում թեկուզև ձախողված, բայց գոնե կադրային ուժային լինելով՝ չգիտի, թե ինչ ոլորտներ է ղեկավարելու, ապա հարցնելն անգամ անհարմար է, թե ինչով է զբաղվելու ՊՆ-ում ռազմական գիտության մասին պատկերացում չունեցող Սուրեն Սահակյանը։

Եվ այսպիսի, ասելն անգամ ամոթ է, «մասնագետներով» հայոց բանակը պիտի դո՞ւրս գա ծանր ճգնաժամից, վերակազմակերպի և ամրապնդվի՞։ Մյուս կողմից, պետք է խոստովանել, այլ կերպ չէր էլ կարող լինել երկրում որը կապալով տրվել է դիլետանտներին ու դավաճաններին և որը գլխավորում է բացառապես անձնական, շահադիտական նպատակներով առաջնորդվող անձը, որի համար պետական շահերը դատարկ հնչյուն են։ Ուստի պետք է հիմք ընդունել ոչ թե տրամաբանությունն ու առողջ դատողությունը, ինչն անիմաստ է փնտրել այդ նշանակումներում, այլ այն, ինչն առաջիկայում հարկավոր է իրեն՝ Փաշինյանին։ Այն է՝ ամրապնդել ուժային կառույցներն անձամբ իրեն նվիրված կադրերով, որոնք հարկ եղած պահին կօգնեն պահպանել իշխանությունը, կամ էլ՝ խուսափել արածի համար պատժից։ Ամեն գնով. Այդ թվում՝ բռնի մեթոդներով։

Անցած տարեվերջին մամուլում հաղորդագրություն առկայծեց այն մասին, որ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, որի վարքը բազմաթիվ հարցեր է առաջացնում հասարակության մեջ, այնուամենայնիվ դեմ է բանակը փողոց դուրս բերելու և այդպիսով քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու Փաշինյանի մտադրությանը։ Այս տեսանկյունից պրոֆեսիոնալ ոստիկան Արման Սարգսյանի նշանակումն արդարացված է թվում. ինչո՞ւ չենթադրել, որ Փաշինյանը նախատեսում է փոխարինել Գասպարյանին հենց Սարգսյանով՝ անհրաժեշտ պահին բանակային ստորաբաժանումներն ու ռազմական տեխնիկան ժողովրդի դեմ դուրս բերելու նպատակով։

Այս վարկածն առավելեվս համոզիչ է թվում այն խորապատկերին, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետի կողմից արդեն վերածվել են լոկ երկու գործառույթ իրականացնող կառույցների։ Առաջին՝ վարչապետի և նրա ընտանիքի պաշտպանություն ու նրանց անվտանգության ապահովում, երկրորդ՝ հասարակական և քաղաքական բողոքի շարժումների ճնշում կոպիտ, ապօրինի և բռնի մեթոդներով։ Եվ եթե այլասերվել է պետության երկու կարևորագույն ուժային գերատեսչությունների բուն էությունը, ապա ինչո՞ւ դրանց թվում չպետք է լինի, գլխավոր այլասերվածի տրամաբանությամբ, երրորդը՝ բանակը։

Այդ առնչությամբ հիշենք, որ պատերազմից անմիջապես հետո Փաշինյանը պաշտպանության նախարար նշանակեց հենց ռազմական գծով իր խորհրդականին։ Այսինքն պարտված երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն պատասխանատվության չենթարկեց նրան, ով պարտավոր էր ճիշտ խորհուրդներ տալ իրեն՝ պարտությունից խուսափելու համար, այլև բարձրացրեց նրան նախարարի աստիճանի։ Իսկ հիմա էլ նրա տեղակալների պաշտոնում նշանակում է բանակից ու պաշտպանությունից հեռու երկու անձանց։

Որևէ մեկը դեռ կասկածներ ունի՞ բոլոր այդ նշանակումների իրական աստառի վերաբերյալ։ Որևէ մեկը դեռ կարո՞ղ է ենթադրել այլ բան, բացի բանակը որպես պետության պաշտպանության ինստիտուտ փլուզելու և ամենամոտ ժամանակներս զուտ քաղաքական խնդիրների լուծմանը ենթարկելու նպատակից՝ իրեն վարչապետ կոչող անձի, նրա կնոջ ու զավակների «պաշտպանության» և Փաշինյանի իշխանության պահպանման համար։

Ժամանակին մենք ոգևորվում էինք «Ազգ-բանակ» հայեցակարգով, որը մեծապես մարմնավորում էր թշնամական միջավայրում գոյատևման համար պայքարել հարկադրված և միաժամանակ պետության զարգացման հարցեր լուծող ժողովրդի կարևորագույն առաքելության էությունը։ Այժմ, ըստ երևույթին, ստիպված ենք խոսել «Ազգ-ոստիկանություն» հայեցակարգի մասին, որի շրջանակներում անողորմաբար ճնշվելու է այն ամենը, ինչը կապված է ազգային ու պետական շահերի հետ, ի նպաստ ներքին ու արտաքին թշնամիների շահերի։