Սեյրան Օհանյան․ Իշխանությունը «Հաղթելու ենք» կարգախոսը փոխարինել է «Լռելու ենք» կարգախոսով

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության հետևանքով պարտություն կրեցինք, այսօր էլ ներկայիս իշխանությունը «Լռում ենք» կարգախոսի ներքո է գործում։ Օհանյանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում։

Նշենք, որ այսօր` ժամը 13։00-ին, նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիների վերադարձն էր։ Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն»,– ասում է Օհանյանը։

Նա նշեց` ՀՀ իշխանության փոխվելու մասին ուրախությամբ չի խոսում, պարզապես ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություն է պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ հունվարի 11-ին ստորագրած փաստաթղթով հակառակորդն ընդլայնելու է թուրք-ադրբեջանական տանդեմը։

Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին` Օհանյանը նշեց` այնտեղ, որտեղ ադրբեջանական զինվորները կկանգնեն, հետագայում դժվար կլինի նրանց ստիպել, որ հետ քաշվեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։