Արմինե ԱԴԻԲԵԿՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԵԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Պատերազմը միայն ՀՀ իշխանությունների համար է ավարտվել, մյուսների համար դեռ նոր-նոր է սկսվում։ Գարնանը կամ ամռանը ռազմական գործողությունների ակտիվացման, եթե չասենք ավելին՝ պատերազմի վերսկսման մեծ հավանականություն կա, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմը շատ ավելի մեծ ու ծավալուն ախորժակ ունի, քան ընդամենը Արցախի ու ՀՀ-ի ինչ-որ հատվածները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պատերազմից կարճ ժամանակ անց Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել։
«Նրանք անթաքույց հայտարարել և հայտարարում են, որ Սյունիքը պետք է Հայաստանից օտարվի, թե ինչպես, ժամանակը ցույց կտա, և թե ով կլինի ՀՀ իշխանության գլխին։ Անթաքույց հայտարարում են նաև, որ Երևանը, Զանգեզուրը, Սևանը իրենցն են, բացահայտ ցույց են տալիս իրենց ռազմական գործողությունների հետագա ծրագրերը»,-ասաց Ադիբեկյանը։
Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները շատ հստակ ուղերձ են նաև Ռուսաստանին։
«Թուրքիան ակնկալիքներ ունի շատ ավելի խորը ներգրավվածություն ունենալ Արցախի հարցի կարգավորման գործընթացներում և տարածաշրջանի տնտեսական պրոյեկտների մեջ, և այդ պրոյեկտների անվտանգությունն ապահովելու համար նա պետք է իր ռազմական ներկայությունն ունենա տարածաշրջանում, և հիմնականում ակնկալում են հայաբնակ ու Հայաստանի տարածքները»,-ասաց Ադիբեկյանը։
Ըստ Ադիբեկյանի՝ դեռ վաղ է խոսել Ադրբեջանում հաղթանակից հետո էյֆորիկ տրամադրությունների անկման մասին, և միայն 1,5-2 տարի անց, երբ ադրբեջանցիները կտեսնեն, որ անձամբ իրենց կյանքում ոչ մի բան չի փոխվում, այդ ժամանակ հիասթափությունը կսկսվի։
«Ալիևը դեռ շատ երկար հրամցնելու է այս հաղթանակն իր հասարակությանը և, ինչպես Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ձախողումները բացատրում է «նախկինների» վատը լինելով, այդպես էլ Ալիևն իր բոլոր ձախողումներն ու խոստումների չկատարումը բացատրելու և քողարկելու է Արցախյան պատերազմի հաղթանակով։ Ադրբեջանցիները սպասումների մեջ են, որ հիմա, օրինակ, քաղաքները կվերականգնվեն»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանն ու հնարավոր տնտեսական կապերի ձևավորմանը, ադրբեջանագետն ասաց, թե դրական սպասումները սուտ և անիրականանալի են։
«Այդ ծրագրերում ՀՀ, հայաբնակ շրջաններ, ՀՀ շահեր գոյություն չունեն։ Դրանք թուրք-ադրբեջանական շահերն են, որոնց երաշխավորողը ՌԴ-ն է, և կարող է վերջինս էլ օգտվել, ՀՀ-ի մասին խոսք չկա։ ՀՀ տարածքով պլանավորում են ինչ-որ ծրագրեր անել և պայմանավորվում են ոչ թե ՀՀ-ի, այլ ՌԴ-ի հետ, իրենց ծրագրում ՀՀ գոյություն չունի։ Ես չգիտեմ՝ դրանում ինչն է Հայաստանի համար լավ։ Թուրքական էժան ապրանքների՝ բաց սահմանով Հայաստան բերելը խեղդելու և սպանելու է հայկական արտադրությունը, և ՀՀ-ն չի ունենալու տնտեսություն»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։