ԱՄՆ-ն աղետավոր հուշագիր է ստորագրել

Թրամփի վարչակազմը աշխատանքի վերջին ժամերին ստորագրել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև փոխըմբռնման երկկողմ հուշագիր, որը Թուրքիային օրինական իրավունքներ է տալիս տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և այլ փոքրամասնությունների կրոնա-մշակութային ընդարձակ ժառանգության վրա, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Համաձայնագիրը ստորագրվել է ի պատասխան Թուրքիայի հարցման, որը ներկայացվել էր ավելի քան մեկ տարի առաջ:

Այս քայլի դեմ բողոքել են ANCA-ն, Հունա-ամերիկյան խորհրդի առաջնորդությունը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (IDC) կազմակերպությունը, մեծ թվով մշակութային և իրավապաշտպան կազմակերպություններ, ներառյալ Արվեստի թանգարանների տնօրենների ասոցիացիան (AAMD), Մշակութային քաղաքականության հարցերով կոմիտեն (CCP), Համաշխարհային ժառանգության դաշինքը (GHA), Պրոֆեսիոնալ նումիզմատների միջազգային ասոցիացիան (IAPN):

«Թրամփի վարչակազմն իր վերջին ժամերին Թուրքիային օրինական իրավունքներ նվիրեց պահանջելու տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, հույների, ասորիների, խալդերի, սիրիացիների, արամեացիների, մարոնիտների, հրեաների և այլ ժողովուրդների կրոնական և մշակութային ընդարձակ ժառանգությունը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

IDC նախագահ Թուֆիք Բաաքլինն իր հերթին նշել է, որ փոխըմբռնման մասին հուշագիրը Թուրքիայում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացմանը ամերիկյան խրախուսման խայտառակ նշանն է:

Չնայած հուշագրի վերջնական տեքստը չի հրապարակվել, Թուրքիայի հարցման մեջ կոչ էր պարունակվում սահմանափակումներ մտցնել իր տարածքում գտնվող բոլոր դարաշրջանների՝ նախապատմականից մինչև ժամանակակից դարաշրջանի արվեստի բոլոր ստեղծագործությունների ներմուծման վրա, նշում է ANCA-ն, տեղեկացնում է News.am: