Իյա Մալկինա․ ԵԱՏՄ երկրները կարող են պայքարել թուրքական ապրանքներից ազատ Հայաստանի շուկաների համար

Հայաստանում թուրքական ապրանքները կարող են փոխարինվել ԵԱՏՄ երկրների արտադրանքով։ «Հնգյակի» երկրները կարող են պայքարել Հայաստանի շուկայում ազատված տեղերի համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան։

Նա նշել է, որ ներկայումս միության երկրները հնարավորություն ունեն ազգային մակարդակով սահմանել ապրանքների ներմուծման կարգավորման այլ միջոցներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» N 1708 որոշումն ընդունվել է ազգային օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, միության երկրների փոխգործակցությունն ապահովվում է ԵԱՏՀ Խորհրդի ակտերին համապատասխան։

«Հաշվի առնելով համավարակի հետ կապված ներկա իրավիճակը` միության երկրների գործարարներին մատակարարումների լոգիստիկան վերանայելը հեշտ չի լինի։ Այնուամենայնիվ, «հնգյակի» երկրները հնարավորություն ունեն որոշակի շուկաներում զբաղեցնել ազատված տեղը», - ասել է Մալկինան։

Նրա խոսքով ՝ «հնգյակի» երկրների արտադրողները կարող են պայքարել տպագրական ներկերի, թանաքի և նամակի թանաքի շուկաների համար: 2020 թվականի առաջին 3 եռամսյակում ռուս արտադրողները արդեն 450 հազար ԱՄՆ դոլարի ապրանք են մատակարարել Հայաստան։ Թուրքիան իր հերթին 330 հազար ԱՄՆ դոլարի ապրանք է մատակարարել։

2020 թվականին Թուրքիան 2,4 մլն ԱՄՆ դոլարի ապրանք է մատակարարել։ Ռուսաստան և Բելառուս մատակարարումները հասել են 5,7 մլն ԱՄՆ դոլարի։ Ընդ որում, ԵԱՏՄ բոլոր հինգ երկրները արտադրում են այդ նույն ապրանքները և մատակարարում երրորդ երկրների շուկաներ։

Կազատվի նաև լվացող միջոցների շուկան։ Թուրքիայից 2020թ.-ին այդ ապրանքատեսակների մատակարարումները կազմել են 4 մլն ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի։

«Նշեմ, որ մեր բոլոր երկրները լվացող միջոցներ են արտադրում և մատակարարում դրանք համաշխարհային շուկա», - ասել է Մալկինան, տեղեկացնում է Sputnik Armenia: