Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխիքը

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումն ինքնին կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխիքը: Այս մասին Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հնարավոր ռիսկերի վերաբերյալ պատգամավորների հարցին:

Նրա խոսքով՝ տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման դեպքում չկան աննշան տարրեր, որոնք կարելի էր հաշվի չառնել:

«Բայց այս ճանապարհով անցնելու համար պետք է ձևավորվի այս հարցերի քննարկման հարթակ: Կստացվեն ազդակներ, կձևավորվեն «հակաազդակներ», որպեսզի վերջիվերջո հնարավոր լինի ապաշրջափակել տնտեսությունն ու տրանսպորտը»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ հարցը պետք է լուծում ստանա: Այս հարցի լուծումը, ինչպես նշեց Գրիգորյանը, ինքնին կարող է դառնալ անտանգության երաշխիք, բայց եթե այն ճիշտ լինի։

Նա ընդունեց իրավաբանական և տնտեսական վերլուծությունների, ինչպես նաև ռիսկերի գնահատման առումով խնդիրների առկայությունը: Այնուամենայնիվ, ըստ նրա, այս բոլոր խնդիրները պետք է քննարկվեն, քանի որ դրանք դեռ լուծված չեն:

«Պատրաստ տարբերակներ դեռ չկան: Քննարկումների փուլը նույնիսկ չի սկսվել»,- նկատեց փոխվարչապետը:

Նա նաև հիշեցրեց, որ ամսվա վերջին տեղի կունենա առաջին հանդիպումը, որի ընթացքում պարզ կդառնան այս քննարկումների կանոնակարգը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեռևս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթը՝ բանտարկյալների ու պատանդների վերադարձի մասով: Որտեղից Հայաստանի իշխանություններին այդքան վստահություն, որ Ադրբեջանը կկատարի տնտեսական պայմանավորվածությունները, հայտնի չէ, տեղեկացնում է News.am։