Ավինյան․ Սյունիքի և Տավուշի անվտանգության համար հստակ պայմանավորվածություն ունենք

Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով ԼՀԿ–ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան Սյունքից մինչև Տավուշ քաղաքացիների անվտանգության համար։

«Այս պահի դրությամբ Սյունիքի և Տավուշի հատվածի անվտանգության համար ունենք հստակ պայմանավորվածություններ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ: Այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը։ Սյունիքում հայ–ադրբեջանական սահմանի հետ որևէ խնդիր չենք ունեցել, հույս ունեմ` չենք էլ ունենալու»,–ասաց փոխվարչապետը։

Նրա խոսքով` սահմանապահ զորքերի ժամանակավոր տեղակայումն այդ հատվածում, կարելի ասել, որոշ չափով ավարտվել է:

Ավինյանը նշեց` իրավիճակը կարող է փոփոխական լինել, բայց մինչ այս պահը այդ աշխատանքներն իրականացվել են սահուն, տեղեկացնում է Sputnik Armenia: