ՇԱՌԼԱՏԱՆՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔ. ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՆ ԼՈՒԾԵԼ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Մի քանի օր առաջ ադրբեջանցիները Հադրութում սպանել ու թաղել են 44-ամյա գերի Արսեն Կարախանյանին։ Նրա մարմինը՝ կապտուկներով պատված, հայտնաբերվել է հունվարի 18-ին, Արցախի բռնազավթված տարածքներում որոնողական աշխատանքների ընթացքում։ Արսենը Հադրութի բնակիչ, դեկտեմբերին գերությունից վերադարձած Սաշա Կարախանյանի որդին է։ «ԳԱ»-ի ունեցած տեղեկություններով՝ Կարախանյան կրտսերը չի մասնակցել մարտական գործողություններին, նա պատերազմից մեկ ամիս առաջ եկել էր Ռուսաստանից՝ այցելելու հարազատներին, և մնացել Արցախում, այսինքն ոչ թե ռազմագերի էր, այլ պատանդ։ Գերության մեջ նրա լինելու մասին ընտանիքն իմացել է հունվարի 6-ին, սոցցանցում տեղադրված տեսանյութերից, թակել է բոլոր դռները՝ հուսալով վերադարձնել նրան, բայց ավաղ…
Հունվարի 18-ին Մոսկվան, ըստ էության, հերթական անգամ «թաղեց» Փաշինյանին՝ հրապարակավ բացահայտելով հայաստանյան իշխանությունների ապիկարությունը, այս անգամ՝ գերիներին վերադարձնելու հարցում։ Սերգեյ Լավրովի հայտարարությունները իսկական շոկ դարձան՝ հաստատելով այն կասկածները, որ «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքը ձախողվել է ՀՀ կառավարության անձեռնհասության պատճառով։ Ինչպես նաև՝ փորձագետների նախազգուշացումը, որոնք պնդում էին, որ իր երկու դիվերսանտներին ստանալուց հետո Ալիևն իսպառ կկորցնի հետաքրքրությունը գերիների թեմայի նկատմամբ: Ալիևն ավելի հեռուն գնաց՝ «ահաբեկիչներ» հայտարարելով նոյեմբերի 10-ից հետո գերեվարված հայ զինծառայողներին ու պատանդներին և հայտնելով նրանց դատելու մտադրության մասին։
Հիշեցնենք, որ խոսելով Մոսկվայում ռազմագերիների հարցի քննարկման մասին, Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կազմեին ու ներկայացնեին այն մարդկանց ցուցակները, «որոնք կորել են և որոնց ցանկանում են ազատել գերությունից»: Հայկական կողմից, ըստ նախարարի, ցուցակները, ուշադրությո՛ւն, «տրամադրվել են ոչ միանգամից և ոչ ամբողջությամբ»: Այնուհետ Լավրովը հիշատակեց դեկտեմբերի սկզբին Հադրութում գերեվարված 62 հոգանոց խմբի մասին, որոնց Ալիևը հայտարարել է ահաբեկիչներ, և ընդգծեց, որ այս հարցում նույնպես պետք է հավատարիմ մնալ «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքին, այսինքն վերադարձնել առանց որևէ նախապայմանի: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ զրույցում պարզվել է, որ գերիները ոչ թե 62-ն են, այլ ավելի շատ:
Նախարարը հայտարարեց, որ ռուսական կողմը ցանկանում է փակել գերիների հարցը. նկատի է առնվում՝ հասնելով բոլոր նրանց վերադարձին, ովքեր նշված կլինեն հայկական կողմի ցուցակներում։ Տա՛ Աստված։ Բայց այստեղ հարցն այլ է. իսկ ունի՞ արդյոք այդ ցուցակները ՀՀ կառավարությունը, մասնավորապես, այդ հարցի լուծման համար հատուկ ստեղծված հանձնաժողովը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Հարցն ամենևին էլ հռետորական չէ, քանի որ Լավրովի պարզաբանումներից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչները սկսեցին հանդես գալ տարբեր հայտարարություններով, փորձելով իրենց ապահովագրել անիրազեկության ու ծայրահեղ վատ աշխատանքի վերաբերյալ կասկածներից։
Հիմա արդեն անիմաստ է խոսել այն մասին, թե ինչից ամեն ինչ սկսվեց Հայաստանի համար բացառիկ կարևորության այս հարցում. որ ՀՀ կառավարության ղեկավարը «մոռացավ» պնդել բոլոր ռազմագերիների և պատանդների վերադարձի ճշգրիտ ժամկետների մասին։ Առաջին և ամենամեծ խմբի վերադարձը իշխանությունները մատուցեցին որպես իրենց սեփական ձեռքբերում, իսկ Արցախի նախագահը, որն Ալիևին պատրաստակամորեն նվիրել էր երկու մարդասպաններին,մեծ շուքով դիմավորեց նրանց օդանավակայանում։ Շարունակությունը, սակայն, միանգամայն անհամարժեք գտնվեց բարձրացված խնդրին. դրանից հետո մեկ ամսվա ընթացքում գերությունից վերադարձան մի քանի հոգուց բաղկացած 2-3 խումբ, մինչդեռ իրավապաշտպանները նշում էին հարյուրից ավելի հաստատված դեպքեր, որոնց թվում՝ առնվազն 4 կին։ Նշենք, որ գերիների հարցով պետությունից առանձին զբաղվող իրավապաշտպաններն են, որ հրատապ դիմումներ են ուղարկել նաև ՄԻԵԴ։
Ավինյանի հանձնաժողովը ոչ մի թիվ չի նշել, ԱԺ իշխող խմբակցությունը կտրականապես հրաժարվել է քննարկել և որևէ քայլ ձեռնարկել գերիների հարցում, սահմանափակվելով դեկտեմբերի 8-ի մեն-միակ հայտարարությամբ։ Վարչապետը մեկ-երկու անգամ հարկադրված ընդունել է անհայտ կորածների ու գերիների ծնողներին՝ մի փունջ ձևական խոստումներ տալով նրանց։ Եվ եթե չլինեին Հայաստանի ու Արցախի օմբուդսմենների, ինչպես նաև իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի հետևողական ջանքերը, եթե չլինեին Սերգեյ Լավրովի հայտարարությունները, Փաշինյանը և Ավինյանը շարունակեին ջուր ծեծել՝ անօգնական թպրտալով բարդագույն խնդրի մեջ, որի լուծմանը իրենք անկարող են հասնել բացարձակ անձեռնհասության ու ապիկարության պատճառով։
Լավրովի ասուլիսից անմիջապես հետո իշխանությունները սկսեցին տենդագին արդարանալ ու մի շարք անհեթեթ հայտարարություններ հնչեցրին։ Սկզբում ավինյանական հանձնաժողովը հայտարարեց, թե գերիների թվի մասին տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն։ Այնուհետ իշխող խմբակցության խորշելի ներկայացուցիչները ամեն տեսակի անհեթեթություններ բարբաջեցին խորհրդարանում. միայն թե ինչ-որ բան ասեն թեմայի շուրջ ու արդարացնեն սեփական անգործությունը։ Այսպես, իր մտավոր առանձնահատկություններով անուն հանած Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե, իբր՝ այնքան էլ կարևոր չէ, թե քանի հայ է գտնվում գերության մեջ։ Իսկ իր հանցավոր անցյալով հայտնի Անդրանիկ Քոչարյանն ընդհանրապես ցնցեց հանրությանը՝ հայտարարելով, թե «երբ մենք անհետ կորածների խնդիրը կարգավորենք, պատկերացում կունենանք՝ ինչ քանակի ռազմագերիների մասին կարող է խոսք գնալ»։
Դժվար է ասել, թե այս հայտարարության մեջ ինչն է ավելի շատ. ըմբռնման բացակայությունը, թե ինչպես պետք է աշխատել այսչափ նուրբ թեմայի շուրջ, թե՞ կատարյալ անտարբերությունը հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ հանդիսացող անձնավորությունը բացահայտ ընդունում է, որ իշխանություններն ի վիճակի չեն պարզել գերիների թիվն ու անզոր են հասնել նրանց վերադարձին: Իսկ ինչ վերաբերում է Ա.Քոչարյանի այն խոսքերին, թե «հարցն արագ լուծում չունի», հիշեցնենք նախևառաջ, թե ինչ առույգ ու արագ լուծեցին դիվերսանտներին վերադարձնելու հարցը Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը։ Ինչպես նաև այն, որ պատերազմի ավարտից հետո անցել է արդեն երկուսուկես ամիս, իսկ գերիների վերադարձը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված էր առանձին և կատարման համար պարտադիր կետով։ Քոչարյանի խոսքերում հնչած մնացյալ ամենը լոկ սոցցանցերում հարցի քննարկման անընդունելիության մատնանշում է (իբր՝ դա խանգարում է գերիների վերադարձմանը) և մտավախությունների արտահայտում այդ «շառլատանների միջամտության» առնչությամբ. ընդամենը դատարկախոսություն՝ գլխավորից ուշադրություն շեղելու նպատակով։ Հենց Փաշինյանն էլ՝ Ավինյանի ու Քոչարյանի հետ միասին ու իրենց ողջ թիմով, ամենամեծ շառլատաններն են այս երկրում, որոնք անկարող են լուծել նույնիսկ պարզ խնդիրները, չենք խոսում արդեն բարդագույնի մասին, ինչպիսին գերիների հարցն է։
Միջազգային մարդասիրական իրավունքից հեռու շառլատաններին հստակ պատասխան տվեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտարարելով հանրային նշանակության ցանկացած տվյալ հրապարակելու անհրաժեշտության մասին։ Այդ տվյալների հրապարակումից հրաժարվելը պետք է հիմնավորվի պետության կողմից, ընդգծեց նա։ Ճշգրիտ տվյալների հրապարակումը լրացուցիչ լծակներ կտրամադրի միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, և անվտանգության ավելի ամուր երաշխիքներ կտա, հայտարարեց Թաթոյանը՝ կոչ անելով երկրի համապատասխան կառույցներին հրապարակել անազատության մեջ պահվող հայերի թիվը:
Հայ հասարակության համար, որը գիտակցում է գերեվարված հայրենակիցներին սպառնացող բոլոր վտանգները, խնդիրը վերածվել է անվերջանալի հոգեբանական կտտանքների։ Չենք խոսում արդեն հարազատների վիճակի մասին։ Մինչդեռ իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը, որը դրսևորվեց արդեն նոյեմբերի 9-ին՝ հայտնի հայտարարությունը ստորագրելիս, տալիս է բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ Փաշինյանի թիմի համար գերիները ոչ ավելին են, քան ձանձրացնող խնդիր, որը խանգարում է անցնել իրենց գլխավոր ծրագրերի իրականացմանը՝ թշնամիների հետ տնտեսական համագործակցություն հաստատելուն և Հայաստանի ապագա «ծաղկեցմանը»։
Բացարձակ անիրազեկությունն ու աշխատելու անկարողությունը, անհասկանալի հրաժարումը տվյալ հարցում բանիմաց ու փորձառու մարդկանց օգնությանը դիմելուց, չափազանց թանկ է նստում երկրի վրա նաև այս հարցում, ստիպելով այդ առումով էլ ապավինել միայն Մոսկվայի օգնությանը։ Բայց կարելի է չկասկածել, որ եթե ռուս միջնորդներին հաջողվի Աստծո օգնությամբ լուծել հարցը, ապա դա իշխանությունների կողմից կհրամցվի որպես իրենց աշխատանքի արդյունք։ Թեկուզ և այդպես. միայն թե վերադարձնեն տղաներին։
... Արսեն Կարախանյանը սպանվել է ընդամենը մի քանի օր առաջ. նրան կարելի էր փրկել, եթե չլիներ Հայաստանի և Արցախի դեմ շառլատանների ու ցինիկների արշավանքը, որոնք ապականում են այն ամենը, ինչին ձեռքը դիպչի…