ՄԳՌԽ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԳՐԱՎԵԼՈՎ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԹՈՒՅԼ ԵՎ ՊԱՍԻՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմը դադարեցրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հետագա աշխատանքը: Հիշեցնենք, որ 9-րդ կետում նշվում է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդուղիների, մասնավորապես Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման մասին, ընդ որում՝ վերհսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները, նշում է Միջազգային գործերով ռուսական խորհուրդը:

Հունվարի 11-ի հայտարարությամբ նախատեսվում է փախվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծում, որի աշխատանքի մեկնարկը նախանշված է մինչև 2021 թվականի հունվարի 30-ը, փորձագիտական խմբերի ստեղծում, մինչև 2021 թվականի մարտի 1-ը միջոցառումների ցանկի և ժամանակացույցի ներկայացմամբ: Ինչպես տեսնում ենք, ժամկետները բավականին սեղմ են: Ընդ որում՝ առաջնահերթություն է հռչակվել երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը, և ենթադրվում է «տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնում և նոր օբյեկտների կառուցում»:

Կարծում ենք՝ նման լարված ժամանակացույցը կապված է արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից նոյեմբերի 9-ի համաձայնագրի ռևիզիայի հնարավոր փորձերին խանգարելու ձգտման հետ: Մենք վաղ ենք հաշվից հանել Վաշինգտոնին, որն իրականում Լեռնային Ղարաբաղի համար ժամանակ չուներ ո՛չ անմիջականորեն նախագահական ընտրություններից առաջ, ո՛չ դրանցից անմիջապես հետո: Միանգամայն հնարավոր է, որ իր երդմնակալությունից հետո Ջո Բայդենը անընդունելի կհամարի կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի փաստացի դուրսմղումը (ինչպես, ի դեպ, նաև Ֆրանսիայի, բայց Փարիզը, կարծում ենք, քիչ թե շատ բավարարված է այսօրվա իրավիճակով, երբ Ռուսաստանը «խաղաց» ամբողջ Մինսկի խմբի փոխարեն և փրկեց ԼՂՀ-ի մնացորդները) և համապատասխանաբար՝ տարածաշրջանային քաղաքականության մեջ Ռուսաստանի կշռի ու դերի ուժեղացումը: Հնարավոր է, որ Վաշինգտոնն այս դեպքում սկսի խաղարկել հայ համայնքում առկա պատմական տրավմայի և ամբողջ աշխարհից, առաջին հերթին Ռուսաստանից վիրավորանքի տրամադրությունը: Եվ դա այն դեպքում, երբ Արևմուտքը, ըստ էության, 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը թողեց բախտի քմահաճույքին՝ զինված հակամարտությունը դադարեցնելու համար լուրջ դիվանագիտական քայլեր չձեռնարկելով: Հիմա, իհարկե, կարելի է «մասնակցել» խաղաղ գործընթացին՝ դրա մեջ մտնելով ինչպես փիղը սպասքի խանութ, միայն թե սահմանափակվի ռուսական ազդեցությունը: Միանգամայն հնարավոր է, որ նման գործողությունները ձեռնտու կլինեն հայկական իշխանության մեջ որոշ ուժերի, որոնք շահագրգռված են Արևմուտքի և Ռուսաստանի միջև ուժերի հավասարակշռության խաղի շարունակմամբ: Ինչպես ցույց է տվել վերջին տարիների փորձը, բացարձակապես անհեռանկարային խաղի:

Անհրաժեշտ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ աշնանը տեղի ունեցածի մեջ մեղավորը Ռուսաստանը չէ: Տարօրինակ կլիներ մեղադրել նաև Ադրբեջանին, որն ուղղակի օգտագործեց հարմար պահը և իրականացրեց իր վաղուց մշակած ծրագրերը: Մեղավորը Երևանն է, հայկական քաղաքական վերնախավը, որը հաղթողի ինքնահանգստացման մեջ էր ընկել՝ չհաշվարկելով Բաքվի գործողությունների ալգորիթմները, պատերազմից առաջ երկրի բանակի առավելագույնս թուլացած ղեկավարությունը, դրանից առաջ հետապնդելով այսրոպեական քաղաքական նպատակներ: Վերջապես, ամենածանր պահին Արցախին գործուն աջակցություն չցուցաբերելը. առողջ երիտասարդ տղաները խորհրդարանի և կառավարության շենքերը գրոհելու փոխարեն, ավելի լավ կլիներ, որ պաշտպանեին Շուշին: Էլ չենք խոսում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հիմնական մասի մասին: Երևանի քաղաքական վերնախավն, ըստ էության, դավաճանեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Իրեն լավագույն կողմից չդրսևորեց և բացարձակապես ապագոծնական եղավ նաև մյուս երկրներում հայկական սփյուռքը: Կամավորների գալու եզակի դեպքերը ընդհանուր պատկերը չեն փոխում:

Ադրբեջանն ինչո՞ւ հաղթեց տեղեկատվական պատերազմում: Որովհետև տասնամյակներ շարունակ Երևանի և հայկական սփյուռքի տեղեկատվական քաղաքականության հիմնական ուղղությունը ուղղված էր գրեթե բացառապես հայկական աշխարհին, իսկ Բաքվի տեղեկատվական քաղաքականությունը՝ իր բոլոր բացասական կողմերով, իր ամբողջ փաստացի արատավորությամբ, ուներ մեկ հասցեատեր՝ մյուս երկրների հասարակությունները:

News.am