Իրավապաշտպան. Պատերազմը սկսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունից անմիջապես հետո

Պատերազմն, ըստ էության, սկսվեց Յուրի Խաչատուրովի ձերբակալությունից անմիջապես հետո, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր 2018 թ.։ Այս մասին հունվարի 23-ին գիտնականների, մշակույթի ու արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործողությունների՝ հաշվի առնելով, որ իշխանությունները շարունակում են վարել վտանգավոր քաղաքականություն, մասնավորապես՝ խոսքը Շուշիի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին է:

Իրավապաշտպանը նաև նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելով՝ իշխանությունները ցրեցին հասարակության մեջ «հների» և «նորերի» առկայության մասին առասպելը:

«Հայաստանում չկա ավելի կոռումպացված մարդ, քան Ջհանգիրյանն է, և նրա նշանակումը լուրջ հետևանքներ կունենա»,- ընդգծեց նա, տեղեկացնում է News.am:

Հիշեցնենք, որ 2018-ին Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ավելի ուշ Խաչատուրովին ձերբակալել էին: