Արա Աբրահամյան. Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է ձեր առջև դրված հաջորդ հակահայկական նպատակը

Անցել է 4 ամիս Արցախյան երկրորդ պատերազմից, և օրեցօր ակնհայտ են դառնում ձեր իրական դրդապատճառները և նպատակները: Մարդիկ ստիպված են հանդուրժել ձեր ստախոսությունն ու մանիպուլյացիաները, որոնք նպատակ ունեն խայտառակ պարտության և այսօրվա կործանիչ գործընթացների համար պատասխանատվությունը գցել բացի ձեզնից՝ գերագույն գլխավոր հրամանատարից և պետության ղեկավարից, ցանկացածի վրա: Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում:

«Ըստ էության, այսօր դուք պաշտպանում եք հայ ժողովրդի դեմ պատերազմ ծավալած և հաղթած երկրին՝ Ադրբեջանին: Դրա վառ ապացույցն է ԱԺ ամբիոնից Շուշիի առնչությամբ հայտարարությունը, ըստ որի՝ Շուշիի բնակչության 90 տոկոսն ադրբեջանիցներ են: Դա հերթական սուտն է և մանիպուլյացիան, որի նպատակն է Ալիևին արդարացնելն ու նրա զավթիչ քաղաքականությունն ու սեփական դավաճանությունը օրինականացնելը:

Ինչո՞ւ դուք չհիշեցիք, որ դարեր ի վեր Շուշիի բնակչության մեծամասնությունը հայեր էին, չպատմեցիք այն մասին, թե ինչպես և ինչ հանգամանքներում փոխվեց այդ ժողովրդի էթնիկ կազմը:

Ինչո՞ւ ձեզ չի հուզում Ալիևին հանձնած հայկական գյուղերի ճակատագիրը, ինչո՞ւ չեք խոսում այն մասին, թե ինչպես մոտ ապագայում կարող է փոխվել մեր տարածաշրջանում բնակչության էթնիկ հարաբերակցությունը մեր հայկական հողերում, որոնք ձեր ակտիվ մասնակցությամբ հանձնվեցին Ադրբեջանին:

Դուք անտարբեր եք մարդկանց ցավի և տառապանքների նկատմամբ, անտարբեր եք Հայաստանի ճակատագրի, հայկական սփյուռքի վիճակի նկատմամբ: Ի՞նչ հիմքով դուք բաշխեցիք բարեգործական միջոցները, որոնք պատերազմի օրերին ուղարկվել էին աշխարհի տարբեր երկրներից:

Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է ձեր առջև դրված հաջորդ հակահայկական նպատակը:

Կամազրկություն դրսևորելով այնտեղ, որտեղ պետք է պաշտպանեիք պետության և ժողովրդի շահերը և ստորագրելով ցանկացած՝ ձեզ թելադրվող փաստաթուղթ, դուք նախանձելի էներգիայով և ցանկացած միջոցով պաշտպանում եք ձեզ ու ձեր շրջապատին, որը մեղավոր է Արցախյան պատերազմում պարտության և Հայաստանը փլուզելու գործողություններում:

Ամեն ինչ անելով բնակչության և զինված ուժերի բարոյազրկման համար, ժողովրդին կրկին վախեցնելով նոր պատերազմով՝ դուք ձեր գլխավոր պաշտպան Ալիևի հետ այսօր նոր վտանգավոր խաղ եք սկսել և հող եք նախապատրաստում նոր պատերազմի համար:

Քանի որ դուք ժամանակին չցանկացաք կանգնեցնել պատերազմը, մենք կորցրեցինք հազարավոր կյանքեր և Արցախի ու Հայաստանի տարածքներ: Իսկ այսօր՝ ժամանակին չկանգնեցնելով ձեզ և ձեր լիազորությունները, «Իմ քայլի» անդամները ձեզ հետ միասին պատասխանատվություն են կրում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացման, կյանքերի և հողերի կորստի համար:

Համառորեն չցանկանալով հեռանալ՝ դուք ոչ միայն ընդլայնում եք հարցերի շրջանակը, որոնց պատասխանները պետք է տաք ժողովրդի առջև, այլ նաև այդ շրջանակում նոր ֆիգուրանտների եք ներգրավում՝ առաջին հերթին բոլոր նրանց, ովքեր ՀՀ օրենքներին համապատասխան կարող էին կանգնեցնել ձեր հակաազգային և հակապետական գործունեությունը, սակայն դա չեն արել և այդպիսով դարձել են մեր ժողովրդի պատմության մեջ մեծագույն ստի և դավաճանության մասնակից»,-ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: