Հայտնաբերվել է 4 զիծառայողի աճյուն

Հունվարի 25-ին իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Արցախի տարածքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշեց, որ 4 աճյուններից մեկը հայկական կողմին է փոխանցվել Ադրբեջանի կողմից։

«Ադրբեջանական կողմը գտել է Մարտակերտի դիրքային  հատվածում ու փոխանցել հայկական կողմին»,– հայտնեց նա։

Այս զինծառայողի ինքնությունը հնարավոր է եղել պարզել նրա մոտ գտնված վարորդական իրավունքի վկայականով։ Ըստ որի, նա 1993թ–ին ծնված պահեստազորային Աշոտ Լևոնի Խաչատրյանն է։

«Մյուս երեքը մարտական գործողություներին մասնակցած երիտասարդներ են, որոնք հայտնաբերվել են Ջաբրայիլի հատվածում»,– ասաց Թադևոսյանը` հավելելով, որ նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հունան Թադևոսյանը հայտնեց նաև, որ այսօր նախատեսված որոնողափրկարարական աշխատանքները կիրականացվեն Հադրութի հատվածում` փրկարարների 2 ջոկատով։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հունվարի 25-ի դրությամբ, հայտնաբերվել են 1281 զինվորականի ու քաղաքացիական անձանց աճյուններ: