ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՄՆ. Ո՞Վ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈՒՅՍԸ ԴՆՈՒՄ ԲԱՅԴԵՆ-«ԱՄԵՆԱԿԱՐՈՂԻ» ՎՐԱ

Անցյալ շաբաթ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա «գործընկեր» Քամալա Հարիսի կողմից պաշտոնների ստանձնումը կարծես թե վերակենդանացրեց Երևանի արևմտամետ խմբերի հույսը՝ Անդրկովկասում Վաշինգտոնի առավել ակտիվ գործունեության համար, որը «Ղարաբաղյան երրորդ պատերազմից» հետո ուղղված է դրա հետագա աշխարհաքաղաքական վերաձևակերպմանը, գրում է Անդրեյ Արեշևը «Եվրասիայի ռիթմ» պորտալում:

Նկատենք, որ սա վերաբերում է ոչ միայն մարգինալ խմբավորումներին՝ հունվարի 23-ին «նավալնիականների» ելույթներին նվիրված նրանց ռուսալեզու եթերներով, այլ նաև «Իմ քայլը» խմբակցության խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատին:

Ի վիճակի չլինելով լիովին կատարել արտաքին ղեկավարների կողմից նախագծված Լեռնային Ղարաբաղի լիակատար և վերջնական հանձնման ծրագիրը՝ նրանք դեռևս ստիպված են երկխոսություն վարել Ռուսաստանի հետ՝ նախկինի պես մտքում պահելով Հայաստանի աշխարհաքաղաքական «վերադաստիարակման» երկարաժամկետ պլանները` վերածելով այն թուրքական տարանցման ճանապարհին առևտրի կրպակի։ Լինելով զանազան հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ՝ նրանք բազմիցս, ընդ որում՝ հրապարակավ, ցանկացած առիթով և առանց դրա, ցույց են տվել իրենց տեսակետները աղմկոտ հակառուսական գործողությունների ժամանակ՝ գրավելով վարձու ԶԼՄ-ների ուշադրությունը՝ որպես ազդեցության համապատասխան ենթակառուցվածքի մաս: Բրիտանական և թուրքական հետախուզության համար աշխատող որոշ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ վերջերս հնչեցրած կասկածները միայն լրացնում են ստեղծվող պատկերի պակասող շտրիխները։

Ոչ պակաս կարևոր առիթ է սթափվելու համար նրանց, ովքեր հույս ունեն, թե «Բայդենը կգա և կարգուկանոն կհաստատի»՝ «նոր» Պետդեպարտամենտի և ամերիկյան դեսպանատան գործունեության ակնհայտ ակտիվացումն է: Պատասխանելով սենատորներից մեկի գրավոր հարցմանը՝ Մայք Պոմպեոյի հավանական փոխարինող Էնթոնի Բլինքենը հայտարարել է Ադրբեջանի հետ անվտանգության համագործակցության ծրագրերը մասնակիորեն կրճատելու հնարավորության մասին՝ «Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների լույսի ներքո»: Միաժամանակ, նա սատարել է Երևանին «անվտանգության ոլորտում օգնության ավելացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման ու տնտեսական աճի խթանման» գաղափարին: և արդեն հայտնի է դարձել 2021 թվականին ամերիկյան համապատասխան գերատեսչությունների միջոցով հայ գործընկերներին համախմբված դրամաշնորհային աջակցության մինչև 100 մլն դոլար հնարավոր աճի մասին:

Իր շեֆի հայտարարությունների հաջորդ օրը Երևանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որի ակտիվությունը վերջին շրջանում նկատելիորեն աճել էհանդես եկավ պաթետիկ հոդվածով: Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ այդ բոլորովին էլ ոչ պատահական հրապարակման մեջ «պարզ երևում է Ղարաբաղում պատերազմի արդյունքների անընդունելիության մասին թեզը և միտք է արտահայտվում այդ ցավոտ խնդրի շուտափույթ քաղաքական լուծման անհրաժեշտության մասին»: «Չնայած մարտերի դադարեցմանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար»,- գրում է տիկին Թրեյսին՝ չնշելով, թե ինչպես հասնել դրան: Պակաս խորհրդանշական չէ նաև մեկ այլ հատված. «Մենք մեր հայ ընկերների և գործընկերների հետ միասին կհաղթահարենք մարտահրավերները, կպաշտպանենք մեր ընդհանուր արժեքները, կաջակցենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով բոլորիս պայծառ ապագայի համար»:

Միևնույն ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրով խիստ հետաքրքրված են Եվրախորհրդարանում, որը կողմ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի ակտիվացմանը, դատապարտել է Թուրքիայի միջամտությունը և նախանշել «ռազմավարական պատասխանատվություն ստանձնելու» անհրաժեշտությունը` հանուն ղարաբաղյան խնդրի վերջնական և արդարացի լուծման: Այն, ինչի մասին դեռ ամաչում են խոսել արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետները, այն է՝ ցանկացած կերպ վարկաբեկել «ռուսական խաղաղապահ մոդելը», նրանց փոխարենր պատրաստակամորեն անում են «անկախ» փորձագետները, որոնք փորձում են «ռուսական սպառնալիքով» վախեցնել ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին:

Իհարկե, «հայանպաստ» քաղաքական-դիվանագիտական վարժանքները (նույնիսկ եթե որոշ ժամանակ Վաշինգտոնը վերականգնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումն արգելող «Ազատության աջակցության ակտի» 1992-ի 907-րդ փոփոխությունը) չեն վերադարձնի ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ էլ հազարավոր կործանված երիտասարդ կյանքերը։ Նրանք չեն փոխհատուցի ոչ հսկայական տնտեսական կորուստները, ոչ հայ հասարակությանը և ազգային ինքնությանը պատճառված ծանրագույն բարոյահոգեբանական հարվածը: Միևնույն ժամանակ, նշելով ավելի ակտիվ խաղ Կովկասում, ուժեղացող «արևմտյան քամին» երկիրը ազգային աղետի եզրին հասցրած ռեժիմին ներքին և արտաքին քաղաքական մանևրի որոշ հնարավորություններ կտա:

Բացի «հասարակական կազմակերպություններին» վերոնշյալ դրամաշնորհներից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկերի առանց այդ էլ ծանր բեռից, ակտիվորեն առաջ է մղվում «ռուս-թուրքական համաձայնության» մասին թեզը, որը, իբր, կանխորոշել է ռազմական գործողությունների արդյունքը 2020թ. աշնանը: Ընդ որում՝ ակտիվորեն ներգրավվում են տարբեր կողմերի տեղեկատվական միջոցները, ներառյալ գաղափարապես մոտ ռուսալեզու տեղեկատվական ռեսուրսները՝ իբր «Ռուսաստանին բազմամյա հավատարմությունը թանկ է նստել Հայաստանի վրա», ուստի այժմ այլ տարբերակ չկա, քան «շարժվել» դեպի Արևմուտք, ինչը իրականում նշանակում է ինտեգրում «թուրքական աշխարհին»: Ինչպես նախկինում, սա կուղեկցվի ուժեղ ազդեցության նարկոզով, ինչպես հերթական անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու USAID-ի նորելուկ ղեկավար Սամանտա Փաուերի (կամ նույնիսկ հենց Բայդենի խոստումները), Արցախը ճանաչելու Ադամ Շիֆի երդումները, կամ սպառնալից հայտարարությունները Էրդողանի «ավազակաբարո» ռեժիմի հասցեին։

Մինչդեռ, վերջերս փաշինյանամետ գաճաճ կուսակցություններից մեկի ղեկավարը ուղղակիորեն հայտարարել էր ռուսական կողմնորոշման հանդեպ թուրքական արտաքին քաղաքական վեկտորի նախընտրելիության մասին: և դժվար թե խոսքը առանձին այլընտրանքային շնորհալի գործչի կարծիքի մասին է՝ բավական է նայել հայկական իշխանության վերջին կադրային նշանակումներին և հանրային քայլերին՝ համոզվելու համար «նոր աշխարհաքաղաքական մտածողության» հետևողական խթանման մեջ։

Մասնավորապես, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդում առաջարկվել է Դավիթ Խաչատրյանին (Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը), որը հայտնի է իր ռուսաֆոբական հայացքներով և կիևյան Մայդանին իր մասնակցությամբ: Նրա ղեկավարած «Հրապարակ» թերթի ջանքերով Երևանում Ռուսաստանի դեսպանատան գործունեության շուրջ ստեղծվել է բացասական տեղեկատվական ֆոն, ինչը, կրկին, զուտ պատահականություն չէ: Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, ով հիշվում է բազմաթիվ սկանդալներով և «գլոբալ» արժեքների քարոզչությամբ, ի հակակշիռ ավանդականների, դարձել է վարչապետի խորհրդական: «Սորոսական» թիմի մեկ այլ վառ ներկայացուցիչ՝ Արսեն Թորոսյանը տեղավորվել է փաշինյանական աշխատակազմի ղեկավարի աթոռին՝ DJ Էդուարդ Աղաջանյանի փոխարեն:

Վերջապես, Վաշինգտոնում դեսպանի պաշտոնում լրջորեն քննարկվում է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար, Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ և Ռուսաստանում արգելված «Խաղաղության կորպուսի» ակտիվիստ Լիլիթ Մակունցը, ով Փաշինյանին անգլերեն է սովորեցրել: Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրում դիվանագիտության ոլորտում այս տիկնոջ թեկուզ մի փոքր լուրջ փորձի բացակայության վրա, իսկ ԱՄՆ-ում հայ լոբբիստները շատ բացասական են ընդունել նրա հնարավոր նշանակման մասին լուրը. «Եթե նրան չօգնեն, սա ևս մեկ լուրջ խնդիր կդառնա Վաշինգտոնի հետ արդեն իսկ ոչ լավագույն հարաբերությունների համար», էլ չենք ասում, որ« ապագա դիվանագետը պետք է աշխատի նաև ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ»:

Համառորեն շրջանառվող լուրերի համաձայն, այս և այլ նշանակումները խուլ դիմադրության են հանդիպում նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, և, հետևաբար, Փաշինյանն իբր մտահղացել է ստեղծել ինչ-որ այլընտրանքային կառույց՝ «Սորոսի բույնի» մեկ այլ «բնակչի»՝ Արսեն Խառատյանի հսկողության ներքո, որը պետք է համակարգի Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Բրյուսելում և Կիևում ներկայացուցչությունների գործունեությունը: Ինչպես Մակունցի (և Կիևում Վլադիմիր Կարապետյանի) դեպքում Երևանի հիմնական գործընկեր հանդիսացող երկրներում դեսպաններ են նշանակվելու անձինք, ովքեր ոչ միայն անվերապահորեն հավատարիմ են Փաշինյանին, այլև նկատվել են այնպիսի պետությունների հատուկ ծառայությունների հետ հարաբերություններում, որոնք բոլորովին էլ բարեկամ չեն Հայաստանին:

Կասկած չկա, որ կադրային նման նշանակումները միայն կսաստկացնեն արտաքին քաղաքական քաոսը՝ հանգեցնելով հայ-ռուսական հարաբերությունների, և ոչ միայն դրանց, հետագա դեգրադացմանը:

News.am