Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողները միանվագ աջակցություն կստանան

Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրամադրվի։ Համապատասխան նախագծին գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 հազար դրամ միանվագ աջակցություն, բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք օրենքով սահմանված կարգով ստանում են ֆինանսական աջակցություն։

«Այս կարգավորման իմաստով վիրավորում ստացած զինծառայողների շարքում ներառվում են բոլոր անձինք, այլ ոչ միայն ժամկետային զինծառայողները։ Թեև որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթև են, սակայն այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության որոշակի խդնիր են ունեցել։ Այս նախագծով փորձ է արվում նաև այդ մարդկանց կորցրած ժամանակի սոցիալական խնդիրները կարգավորել»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Նախարարը նշեց, որ միջոցառման շահառու կհանդիսանա 6000 քաղաքացի։ Մեսրոպ Առաքելյանի խոսքով ծանր վիրավորում ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 1000-ը «Այս պահի դրությամբ արդեն 200-ից ավել քաղաքացի անցել է բժշկա-սոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ։ Գործընթացը շարունակվում է ամեն օր»,-ասաց նախարարը, տեղեկացնում է ՓատԻնֆո։