ԱԳ նախարար․ Արցախի հիմնահարցը լուծված չէ

Որևէ կոնկրետ նախագիծ հստակեցման առարկա չէ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման թեմային, տեղեկացնում է News.am:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի վարվում ճանապարհների ապաշրջափակման, մասնավորապես, Կարս Գյումրի ճանապարհը բացելու շուրջ:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին, նախարարն ասաց. «Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական, առանցքային հարցը՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի մասին խոսել են նաև համանախագահ երկրները ԱԳ նախարարների մակարդակով»:

Դիտարկմանը, որ եռանախագահողները որևէ հստակեցում չեն մտցնում Արցախի կարգավիճակի որոշման ժամկետների հետ կապված, Արա Այվազյանն ասաց. «Վստահ եմ, որ հետևել եք համանախագահների, ինչպես նաև այդ երկրների ԱԳ նախարարների հայտարարություններին, որոնք նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն և առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը: Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մոտ ժամանակներս մենք իրենց հետ կկապվենք, և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը փակված է, ԱԳ նախարարն ասաց. «Երեկ ես հատուկ ընդգեցի, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության, խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ: Բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»: