ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈ՛Ւ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՑ
Այս տարի տոնական ու հիշարժան օրերից շատերը մենք կնշենք այլ կերպ. ոչ այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 29-րդ տարեդարձն այդ շարքում առանձնահատուկ օր է, քանզի անցած տարվա աշնանը տեղի ունեցածն ու դրա հետևանքով առաջացած իրավիճակն ամենաուղղակի կերպով առնչվում են հենց մեր Բանակին։ Արցախյան երրորդ պատերազմը Բանակին հարվածեց մի քանի հազար հայրենակիցների մահով, սասանեց հրամանատարության դավաճանությամբ և անիրազեկությամբ, անարգեց սեփական ուժերի նկատմամբ կասկածով և հայ զինվորի հզորության հանդեպ թերահավատությամբ։
Այսօր, դանդաղ ապաքինվելով այդ հարվածից ու անտանելի ցավից, հասարակությունը սկսում է գիտակցել ոչ միայն հասցված հարվածի ուժն ու խորությունը, ոչ միայն այդ կորուստների անթույլատրելիությունը, այլև գնալով ավելի հստակ ուրվագծվող այն փաստը, որ պարտվել է բնավ ոչ Բանակը, որն անկախ ամենից մնացել է իր բարձրության վրա: Պարտվել են քաղաքականությունն ու դիվանագիտությունը, որոնք կապալով տրվեցին տոհմազուրկ ցինիկներին ու դավաճաններին, ուստի պարտվել է հասարակությունը, որը նրանց թույլ տվեց հաղթել մեզ և հայրենի հողի մի հսկայական կտոր տալ թշնամուն։ Պարտվել ենք մենք բոլորս. և՛ նրանք, ովքեր կուրորեն հավատում էին և դեռ շարունակում են հավատալ տականքների ոհմակին, և՛ նրանք, ովքեր գրեթե 3 տարի շարունակ գոռացել են նրանց իշխանավարման վտանգավորության մասին։ Այն, ինչ տեղի ունեցավ աշնանը, բոլորիս մեղքն է։ Եվ այն, որ պատերազմը, որում մեզ ի սկզբանե դատապարտել էին պարտության, ձգվեց ամբողջ մեկուկես ամիս, ապացուցեց. Հայոց բանակը առաջվա պես մնում է հայկական պետության ամենակայացած ինստիտուտը։
Այն ամեն գաղտնին, որ 44 օր շարունակ թաքցվել է հրեշավոր ստի հեղեղով և ակնհայտ է դառնում պատերազմից հետո, ապացուցում է հենց դա. Բանակը հերոսաբար մարտնչել է և չի հանձնվել։ Ապացուցում է, որ Բանակն ամենևին էլ գերագույն գլխավոր հրամանատարները չեն, գեներալները չեն և ոչ էլ նույնիսկ բարձրաստիճան սպաները։ Բանակը նախևառաջ զինվորներն են, սերժանտներն ու լեյտենանտները, որոնք պայքարել են մինչև վերջ և նահանջել՝ միայն հարկադրված ենթարկվելով վերևից արձակված հրամանին։ Բանակը աշխարհազորայինների և պահեստազորայինների այն անվերջանալի հոսքն է, որոնք առանց մի պահ վարանելու թողեցին ապահով կյանքը, թողեցին իրենց երեխաներին ու մեկնեցին Հայրենիքը պաշտպանելու: Բանակն այն սփյուռքահայերն են, որոնք թողեցին բարեկեցիկ կյանքը հարուստ երկրներում և հազարավոր կիլոմետրեր հաղթահարեցին համավարակի պայմաններում՝ Հայրենիքի պաշտպանների շարքերին ձուլվելու համար։
Բանակը նախևառաջ ժողովուրդն է, որը ծնում է նրան ու սնուցում ամենաթանկ բանով՝ իր որդիներով: Հայոց բանակն այս իմաստով առանձնահատուկ առաքելության կրող է. թշնամական միջավայրում գտնվող երկիրը՝ երեք միլիոնից պակաս բնակչությամբ, բայց մեծ սփյուռքով, չունի այլ ընտրություն, քան դառնալ Ազգ-Բանակ: Այլապես՝ կործանում։ Այլապես՝ աղետ և պետության ոչնչացում։ Այլապես այն, ինչ փորձում էր ու շարունակում է անել հանցավոր իշխանությունը՝ գլխավոր վիժվածքի ղեկավարությամբ։ Այս իշխանությունը ձգտում է զրկել մեզ ոչ միայն Հայրենիքից ու արժանապատվությունից. այս իշխանությունը նպատակ ունի զրկել մեզ այն ամենի նկատմամբ հավատից, ինչը հարյուրամյակներ շարունակ եղել է սուրբ ու անսասան վսեմ։ Այդ թվում՝ մեր Բանակի և նրա հզորության նկատմամբ հավատից։
Երկուսուկես տարի շարունակ վիժվածքները փորձում էին սպանել այն, ինչը կազմել է հայ ժողովրդի խորքային էությունը, և դարձնել մեզ իրենց նման։ Արտաքին թշնամիների կողմից հետևողականորեն կառուցված այս համակարգում հասկանալի պատճառներով առանձնահատուկ դեր էր հատկացվում Հայոց բանակի վարկաբեկմանն ու առավելագույն թուլացմանը։ Կարևորագույն խնդիրն այն էր, որ հաղթող ժողովրդի հաղթող Բանակը վերածվի կապիտուլացված, պարտված, տարածքներ հանձնած, ռազմական առումով ապիկար ու բարոյապես անկազմակերպ կառույցի։ Անհուսալի և անվերականգնելի, անկարող պաշտպանելու ոչ միայն Արցախի, այլև բուն Հայաստանի սահմանները: Տարածքների զավթումից հետո դա հաստատ եղել և մնում է արտաքին ու ներքին թշնամիների կարևորագույն խնդիրը, որի իրականացումը կերաշխավորի ծնկաչոք վիճակից հայ ժողովրդի ոտքի կանգնելու և իր Հայրենիքը կրկին ազատագրել փորձելու անհնարինությունը։
44 օր... 44 օր Հայոց բանակը մարտնչում էր ամենաժամանակակից զինատեսակներով սպառազինված Ադրբեջանի բանակի և աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի՝ թուրքականի դեմ, որին օժանդակում էին սիրիացի հազարավոր փորձառու ահաբեկիչ-մարդասպաններ։ Մարտնչում էր հզորագույն զինատեսակների դեմ, ինքը գործնականում զուրկ լինելով այդ զենքից, մաքառում էր, չնայած հրամանատարների ապաշնորհությանն ու ապիկարությանը և վերևներում տիրող բարոյազրկությանը։ Չնայած այն ամենին, ինչ նախապես արվել էր ներսից կապիտուլյացիայի համար, ընդ որում՝ հնարավորինս կարճ ժամկետում։ Մարտնչում ու պաշտպանում էր յուրաքանչյուր մարտական դիրք՝ չհանձնվելով մինչև վերջին զինվորը, չնահանջելով նույնիսկ այն բանից հետո, երբ գերագույն գլխավոր վիժվածքը հայտարարեց իր իսկ կապիտուլյացիայի մասին։
Եվ այդ ամենը՝ այն պայմաններում, երբ Հայաստանի բանակը նույնիսկ մարտի չի բռնվել, փաստացի չի միջամտել ռազմական գործողություններին։ Եվ այդ ամենը՝ միայն Արցախի Պաշտպանության բանակի, 18-20 տարեկան ժամկետային զինծառայողների, պահեստազորայինների և Առաջին հերոսամարտի մասնակիցների՝ 50 տարին բոլորած աշխարհազորայինների ուժերով։ Նույնիսկ այդ ամենով հանդերձ՝ բազմաթիվ տարածքներ թշնամուն հանձնվեցին ոչ թե Բանակի, այլ իշխանությունների կողմից։ Հանձնվեցին իշխանությունների ու գեներալների դավաճանությամբ, անիրազեկությամբ, ստորությամբ ու սրիկայությամբ։ Գուցեև պարզապես վաճառվեցին։
Հայ զինվորը չի հանձնվել։ Հայ զինվորը 44 օր շարունակ դիմակայել է ռազմական բոլոր բնութագրիչներով բազմապատիկ գերազանցող թշնամական ուժերի հզորագույն հարվածին։ Հայ զնավորները՝ զոհված ու ողջ մնացած, առողջությունը կորցրած և հաշմանդամ դարձած, ապացուցեցին, որ Հայոց բանակին կարելի է հաղթել միայն դավաճանությամբ, միայն պետական ինստիտուտների միտումնավոր, հետևողական թուլացմամբ և ազգային արժեքների այլասերմամբ: Երկուսուկես տարի շարունակ հենց դրանով է զբաղվել իշխանությունը, որին բերել են կապիտուլյացիայի նպատակով։ Բայց ոչ միայն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի, այլև առհասարակ՝ հաղթող ժողովրդի։ Որպեսզի այդ ժողովրդին կրկին վերածեն զոհի, որն անկարող է հաղթել։
Այս ճշմարտությունների և վերջին երեք տարիներին մեզ հետ տեղի ունեցած էլի շատուշատ բաների, ինչպես նաև այն ամենի գիտակցումը, ինչ նախորդեց և հնարավոր դարձրեց աշնանը տեղի ունեցածը, միակ ճանապարհն է՝ դասեր քաղելու և վերագտնելու ինքներս մեզ այն նկարագրով, ինչպիսին ունեինք, երբ հաղթեցինք։ Բանակը հասարակության, ժողովրդի պատճենն է, և այդ առումով չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող էր Հայոց բանակը հասնել մի վիճակի, որ մարտերի ելքը որոշեր ոչ թե հայ զինվորը, այլ ապաշնորհն ու դավաճանը։ Ինչպես կարող էին հայ գեներալները համաձայնել շքանշաններ կախել իրենց կրծքին ու հերոսի կոչում ստանալ, երբ շարքային զինվորները մաքառում ու զոհվում էին՝ չստանալով ո՛չ օգնություն, ո՛չ զինամթերք, ո՛չ գրագետ հրամաններ ու պրոֆեսիոնալ ղեկավարում։ Ինչպե՞ս են բանակում հայտնվել նման քանակի անօգնական սպաներ, որոնք ի վիճակի չեն պաշտպանություն կազմակերպել իրենց դիրքում։ Որտե՞ղ, մեր 30 տարվա պետականության ո՞ր հատվածում ենք թույլ տվել, որ այս կործանարար գործընթացը սկսվի և հանգեցնի նոյեմբերի 9-ի։
Հերոսական դիմադրության հենց այդ 44 օրերն էլ Հայոց բանակի վերածննդի գրավականն են։ Ինքնազոհության, խիզախության և ոգու կորովի 44 օրերն ապացույցն են այն բանի, որ մենք ունենք մարտունակ և ուժեղ Բանակ։ Բանակ, որն այսօր ծանր վիրավոր է։ Բանակ, որի վերածնունդը կախված է մեզանից։ Ժողովրդից, որի համար Բանակը միշտ եղել է ամենասիրելի զավակը, և որին նա նվիրել է իր մեծագույն գանձը՝ իր որդիներին։ Ազգ-Բանակը պարտավոր է հաղթել դավաճանների իշխանությանը, և դա կլինի առաջին քայլը գալիք հաղթանակների ճանապարհին։ Այլապես չի լինի ո՛չ Բանակ, ո՛չ Ազգ։
ՀԱՆՈՒՆ 29 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ։ Հանուն նրանց, ովքեր ազատագրեցին Հայրենիքը 1994-ին։ Հանուն նրանց, ովքեր պաշտպանել են հայրենի հողը հետագա բոլոր տարիներին, նրանց, ովքեր պաշտպանեցին այն 2016-ի ապրիլին։ Հանուն նրանց, ովքեր տառապում են գերության մեջ, երազելով վերադարձի մասին: Նրանց, ում աճյունները դեռ սպասում են հայրենի հողում ամփոփվելուն։ Հանուն նրանց, ովքեր այսօր էլ կանգնած են սահմաններին՝ չտրվելով ոչ մի սադրանքի և կատարելով միայն մեկ՝ պետության պաշտպանության սրբազան առաքելությունը։ Հանուն Հայրենիքի բոլոր պաշտպանների՝ մենք ասում ենք Հայաստանի և Արցախի դեմ ոտնձգություն կատարողներին. ձեռքերդ հեռո՛ւ Հայոց բանակից:
Շնորհավոր տոնդ, հարազատս։ Դու ծանր վիրավոր ես, բայց ընկճված չես։ Դու անկոտրում կմնաս և կրկին ոտքի կկանգնես, կվերագտնես հզորությունդ և ինքնավստահությունդ։ Դու իմ մասն ես, մեր բոլորի՝ հայ ժողովրդի մասը, որն առաջ է քայլում դարերի միջով, և այդ քայլքը չի կարող կասեցնել ոչ ոք։ Հանուն հավերժության մեջ չընդհատվող այդ քայլքի քեզ վիճակված է հաղթել, իմ Ազգ-Բանակ։