Անկարան ցանկանում է Ղարաբաղի հարցով համագործակցությունը ընդլայնել մինչև վեցակողմ ձևաչափ

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համագործակցությունը ընդլայնել մինչև «3+3» ձևաչափ: Այս մասին Ստամբուլում իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտ է, որ մենք նպաստենք հրադադարին: Այնպես որ, մենք ծրագրում ենք այս ճանապարհին համագործակցել նաև «3+3» (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա) ձևաչափով»,- ասել է նա:

Չավուշօղլուն նշել է, որ «Հարավային Կովկասում կարգավորման պարզ ցանկությունը բավարար չէ և անհրաժեշտ է մշտական հրադադարի հասնել համագործակցության ընդլայնման ճանապարհով»: «Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են յուրաքանչյուրի շահերից: Սա առավել շահավետ կլինի Հայաստանի և նրա ժողովրդի համար: Ուստի մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,- հավելել է Չավուշօղլուն: Նա հիշեցրել է, որ մինչ Թուրքիա ժամանելը Զարիֆն այցելել է Ադրբեջան, ՌԴ, Հայաստան և Վրաստան, որտեղ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցերը: Երկու երկրների ԱԳ նախարարները վերլուծել են այդ շփումների արդյունքները: