Մոսկվայի կենտրոնում փակվել է մետրոյի 7 կայարան չարտոնագրված ակցիայի հնարավոր անցկացման պատճառով

Մոսկվայի կենտրոնում կսահմանափակվի հետիոնտերի տեղաշարժն ու կփակվեն մայրաքաղաքի մետրոպոլիտենի յոթ կայարանները չարտոնագրված ակցիայի հնարավոր անցկացման պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«ԶԼՄ-ներից և Համացանցից ստացվող չարտոնագրված ակցիաներին մասնակցելու կոչերի առնչությամբ հաղորդում ենք, որ 2021 թվականի հունվարի 31-ին Մոսկվայի կենտրոնում կսահմանափակվի հետիոտների տեղաշարժը»,-լրագրողներին հայտնել են Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունցի:

Ոստիկանության տվյալներով՝ 08:00-ին Մոսկվայի մետրոպոլիտենի Ալեքսանդրովսկի սադ, Օխոտնի ռյադ, Տեատրալնայա, Պլոշադ Ռեսպուբլիկի, Կուզնեցկի մոստ, Լուբյանկա, Կիտայ գորոդ մետրոյի կայարանների մուտքն ու ելքը փակվել է:

Բոլոր սահմանափակումները կգործեն մինչև ոստիկանության հատուկ հրահանգը, նշել են ՆԳՆ-ում:

Բացի այդ, կիրակի փոփոխության կենթարկվի նաև վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը Մոսկվայի կենտրոնում:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի ՆԳՆ-ից և ՌԴ գլխավոր դատախազությունից նախազգուշացրել են չարտոնագրված ակցիաների հնարավոր մասնակիցներին, որ այդպիսի ակցիաների սադրիչ և բռնություն ենթադրող գործողությունները կորակավորվեն ՔՕ զանգվածային անկարգությունների մասին հոդվածի հատկանիշներով, տեղեկացնում է News.am: