Ինչո՞ւ են թանկացել տոմսերը դեպի Ռուսաստան

Հայաստանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները զգալիորեն աճել են։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսական ավիաընկերությունների չվերթերին, այլև՝ հայկական ավիափոխադրողի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը գների մի քանի անգամ թանկացումը բացատրում է մեծ պահանջարկով։

Բանն այն է, որ փետրվարի 1-ից Ռուսաստանը բացում է սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։ Իհարկե, կա պայման՝ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանից Ռուսաստան տոմսերի արհեստական թանկացում շուկայում չկա։

«Այն աճը, որ դուք տեսնում եք, պայմանավորված է մեծ պահանջարկով։ Էժան տոմսերն ակնթարթորեն գնել են, մնացել են բացառապես թանկ տոմսերը, օրինակ, բիզնես դասի։ Նման իրավիճակ միայն մեզ մոտ չէ, որոշ ավիաընկերությունների օդանավերում այլևս տեղ էլ չկա»,- ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծում է՝ եթե մինչև այսօր օդանավերի ծանրաբեռնվածությունը մոտ 60 տոկոս էր, այս պահին այն աճել է մինչև 100 տոկոս:

Այսպիսով, փետրվարի 1-ի չվերթի համար ավիաընկերության բոլոր տոմսերը վաճառվել են, դրամարկղում կարելի է գնել բիզնես դասի երկկողմանի տոմս 300 հազար դրամից բարձր արժեքով։ Արդեն փետրվարի 2-ից սկսած՝ վաճառված են էկոնոմ դասի տոմսերը, իսկ արդեն բիզնես դասի համար միակողմանի ավիատոմսի գինը կազմում է 171 769 դրամ: Արդեն մարտի 3-ի համար Երևան-Մոսկվա միակողմանի տոմս կարելի է ձեռք բերել 77 779 դրամով։

Նմանատիպ իրավիճակ է նաև այլ ավիաընկերություններում։ Այս պահին ամենաէժան տոմսը, որով կարելի է Երևանից Մոսկվա հասնել փետրվարի 1-ին, ըստ որոնողական համակարգերից մեկի՝ արժե մոտ 180.000 դրամ: Ի դեպ, խոսքը միակողմանի տոմսի մասին է։ Սակայն նույնիսկ այս արժեքով ուղիղ չվերթի տոմսեր այլևս չեն մնացել. Երևանից Մոսկվա կարելի է հասնել տարանցիկ չվերթով՝ կանգառ կատարելով, օրինակ, Դոն Ռոստովում։

Ըստ նույն որոնողական համակարգի, մարտի 3-ին Երևան-Մոսկվա չվերթի համար կարելի է միակողմանի տոմս ձեռքբերել 78.000 դրամով։ Նման պատկեր է ոչ միայն Երևան-Մոսկվա չվերթերի դեպքում, այլև դեպի Ռուսաստանի մյուս քաղաքներ։