Թուրքիայի իշխանությունը 5 տարվա ընդմիջումից հետո բացել է Արարատ լեռը

Թուրքիայի արևելքում գտնվող Արարատ լեռը փետրվարի 4-ից կրկին հասանելի կլինի վերելքների սիրահարների համար։ Տեղեկությունը հաղորդում է Թուրքիայի ալպինիզմի ֆեդերացիան:

«Երկար ընդմիջումից հետո սկսվում են ձմեռային վերելքները դեպի Աղրի (Արարատ) լեռը։ Առաջին վերելքը կկատարեն մեր ֆեդերացիայի մարզիչները։ Դրանից հետո՝ փետրվարի 4-ից, հնարավոր կլինի բարձրանալ լեռը, որը կարևոր գագաթ է մեր երկրի և ամբողջ աշխարհի լեռնագնացների համար», - նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Արարատը հայտարարվել էր «անվտանգության հատուկ գոտի» ու փակվել այցելությունների համար 2015 թվականին, երբ Թուրքիայի արևելքում վերսկսվեցին գործողությունները երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, տեղեկացնում է Sputnik Armenia: