Երևանում աղբի տեսակավորման 60 կետ կա

Երևանում արդեն աղբի տեսակավորման 60 կետ կա, մինչև փետրվարի վերջ դրանց թիվը կհասնի 135-ի։ Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը։

«Սա պիլոտային ծրագիր է և պետական առումով լրիվ նոր է մեր երկրում։ 2017-18 թվականներից աղբի տեսակավորման մասով սկսեցին աշխատել հասարակական կազմակերպությունները։ Մենք ուսումնասիրել և վերցրել ենք միջազգային փորձից այն, ինչը փորձնական կիրառում ենք։ Դեռևս տեսակավորման երկու աղբաման ունենք` կապույտ և դեղին։ Շուտով կավելանա նաև կարմիրը», – ասաց Հովհաննիսյանը։

Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են կապույտ և դեղին աղբամաններ, դրանք սովորական կանաչ աղբամաններից ոչ ավելի, քան տասը մետր հեռավորության վրա են։ Կապույտում պետք է թափել պլաստիկ, պոլիէլիթեն, իսկ դեղինում` թուղթ։ Ապագայում հայտնվելիք կարմիր աղբամաններն էլ տեքստիլի` հագուստի, կտորի համար կլինեն։

Հովհաննիսյանը ասաց, որ չնախատեսված վայրում աղբ թափելու համար գործում է տուգանք` 50 հազար դրամ։ Նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր տեսակի աղբ հավաքում է առանձին մեքենա և տանում վերամշակման. տեսակավորված աղբը չի հայտնվում մեկ աղբավայրում։

«Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը ասուլիսին ասաց, որ հաջորդ փուլը Հայաստանի համար պետք է լինի վտանգավոր թափոնների ուտիլիզացիան։

«Մարտկոցների, սնդիկի, լամպերի վերամշակումը հաջորդ փուլը կլինի։ Շատ կարևոր է էկոպատասխանատու հանրություն ունենալը, վերամշակման շնորհիվ մենք երկրորդ, երրորդ, մինչև ընդհուպ յոթերորդ կյանք ենք տալիս նույն ռեսուրսին», – ասաց նա։

Սալահյանը որպես օրինակ բերեց Գրին Շոփ նախաձեռնությունը, որի շրջանակում մարդիկ պլաստիկից դույլեր, կախիչներ են պատրաստում ու վաճառում օնլայն։

Նշենք, որ Երևանի աղբի վերամշակման գործարանն ու եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբավայրի կառուցումն այս տարի կրկին հետաձգվեց, այն կիրականացվի ամենաշուտը 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ` Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա կառուցել նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայր։ Նորի շահագործման հանձնելուց հետո հին աղբավայրը պետք է փակվի, տեղեկացնում է Sputnik Armenia։