ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել ազատ արձակել ռազմագերիներին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային ղարաբաղի հակամարտության ռազմագերիներին և մյուս գերիներին, ինչպես նաև վերադարձնել զոհվածների մարմինները` մշակութային սովորույթների համաձայն պատշաճ հարգանքով թաղման համար:

«Բոլոր նրանք, ովքեր կոնֆլիկտի հետ կապված պատճառներով զրկված են ազատությունից, պետք է վերադարձվեն իրենց տները, իսկ սպանվածների հարազատները պետք է կարողանան հետ վերցնել իրենց մտերիմների աճյունները` 2020 թվականի ոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի համաձայն,- ասել են փորձագետները:- Անհայտ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկատվության չբացահայտումը և մահացածների աճյունները հանձնել հրաժարվելը կարող է հավասարազոր լինել բռնի անհետացմանը, ինչն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը պարտավորվել են կանխել»:

«Մենք մտահոգված ենք պնդումների կապակցությամբ այն մասին, որ ռազմագերիները և պաշտպանության տակ գտնվող այլ անձինք արտադատական սպանությունների, բռնի անհետացումների, խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի են ենթարկվել,- նշել են փորձագետները:- Ոչ մի բացառիկ հանգամանք` լինի դա պատերազմական իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, թե ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող արդարացնել խոշտանգումները և բռնի անհետացումները: Նման գործողությունները, երբ կատարվում են զինված կոնֆլիկտի ընթացքում, կարող են նաև ռազմական հանցագործություններ լինել»:

«Մենք լրջորեն մտահոգված ենք մարմինների նկատմամբ դաժան վերաբերմունքի և պղծման մասին հաղորդումների կապակցությամբ,- ասել են փորձագետները:- Մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ սկսել են ռազմագերիների և այլ գերիների վերադարձը, և մենք նրանց կոչ ենք անում ավարտել փոխանակումը բոլորը բոլորի դիմաց փոխանակման սկզբունքով, պարզել անհայտ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը և արժանապատիվ կերպով վարվել դիերի հետ: Մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հակամարտության ընթացքում և դրանից հետո կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին պնդումների մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություն անցկացնել` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և տուժածներին փոխհատուցում տրամադրելու համար: Այս գործողությունները կնպաստեն ճշմարտության հաստատմանը, հաշտեցմանը և վերականգնմանը»,- ասել են նրանք:

Փորձագետները կշարունակեն համագործակցել երկու երկրների իշխանությունների հետ և ուշադիր հետևում են իրավիճակին, տեղեկացնում է News.am: