Քոչարյան․ Քաղաքական իրադարձությունների վերաբերյալ գործը չի կարող քննվել առանց քաղաքական բաղադրիչների հիշատակման

Քաղաքական իրադարձությունների վերաբերյալ գործը չի կարող քննվել առանց քաղաքական բաղադրիչների հիշատակման: Այս մասին փետրվարի 2-ի դատական նիստում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիրքորոշում հայտնելով նախկին փոխվարչապետ Արմեն Գևերգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջնորդության վերաբերյալ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին:

Հիշեցնենք, որ դատավորը Գևորգյանին թույլ չէր տվել հանդես գալ քաղաքական գնահատականներով, արդյունքում՝ Գևորգյանն ընդհանրապես ելույթ չունեցավ:

Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործը կապված է ընտրությունների և հետընտրական գործընթացների հետ: Այն ամբողջությամբ քաղաքականացված է, և չի ստացվի կարծել, որ գործում կարելի է շրջանցել քաղաքական բնույթի գնահատականներն ու հիշատակումները: «Ձեզ խնդրում եմ սա հաշվի առնել: Չեն կարող լինել քաղաքական իրադարձությունների վերաբերյալ գործեր առանց քաղաքական բաղադրիչների»,- ամփոփեց երկրորդ նախագահը:

Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, խոսելով ընդհանրապես իրավական համակարգի մասին, հիշեցրեց վարչապետ Փաշինյանի կոչը ընդդիմախոսների հաշվեհարդար տեսնելու մասին և այն հանգամանքը, որ ոչ ոք չհամարձակվեց նրան պատասխանատվության կանչել:

Փաստաբան Հայկ Ալումյանը բողոքեց Գևորգյանին իր տեսակետը հայտնելուց զրկելու կապակցությամբ: «Այս քրեական հետապնդումը քաղաքական բնույթ ունի»,- հիշեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունը քաղաքական բնույթ չունի, և իրենք մտադիր են ասածն ապացուցել: «Ո՞ւմ հրամանով է իրականացվում այս հետապնդումը: Եվ երբ մարդը փորձում է արտահայտվել, իսկ նրան զրկում են խոսքի իրավունքից, դա նրա իրավունքների ակնհայտ խախտում է»,- նշեց փաստաբանը

«Դատարանը ոչ միայն պետք է օբյեկտիվ լինի, այլև կողմնակի դիտորդի վրա օբյեկտիվության տպավորություն թողնի: Իսկ Դուք սուբյեկտիվ մոտեցում եք դրսևորում»,- արձանագրեց փաստաբանը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատարանը Գևորգյանին զրկել է իր դիրքորոշումը հիմնավորելու հնարավորությունից: «Դուք ակնհայտորեն սուբյեկտիվ դիրքորոշում ունեք: Ձեզնից բոլորը դժգոհ են»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատավորը մշտապես սահմանափակում է կողմերի իրավունքները, տեղեկացնում է News.am: