Սեյրան Օհանյան․ Պետական կառավարման համակարգում պետք են լուրջ քայլեր

Ես կարծում եմ, որ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությունը, որը պետք է գա իշխանության, պետք է համապատասխան որոշում ընդունի՝ այսօրվա իրավիճակից ելնելով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կարգավիճակին։

«Մենք կանխարգելման իրավիճակից արձագանքման կամ, նաև, սպառնալիքների դիմագրավման իրավիճակում ենք գտնվում, պետք է համապատասխան հետևություններ անել և տեսնել, թե մենք ինչպես ենք ապահովում ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը։ Չէ՞ որ ՀՀ-ն Սահմանադրությամբ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և պետք է այս իրավիճակում որոշում ընդունվի, թե ինչպիսին պետք է լինի Պաշպանության բանակը։ Կարծում եմ, որ, թեկուզ ինչ-որ կազմով, այն պետք է մնա, բայց, թե ինչպիսին պետք է լինի, դրա մասին կարող է ասել այսօրվա ղեկավարությունը։ Ես այսօր հստակ չեմ կարող ասել, որովհետև իրենց հետ կապ չունեմ»,-ասաց Օհանյանը։

Հարցին՝ արդյո՞ք որոշումները չեն ուշանում, օրինակ, ԱՀ ՊԲ-ի վերաբերյալ, ինչ է պետք անել այս փուլում, Օհանյանն արձագանքեց «44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո անհաջողությունները շարունակական են մեզ մոտ, որովհետև և՛ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, և՛ հունվարիր 11-ին ստորագրած փաստաթուղթը, և՛, այնուհետև, ՀՀ ղեկավարության գործողությունները երկրի ներսում, երկրի սահմաններում և Արցախում խոսում են այն մասին, որ իրավիճակը բավականին լարված է»,-ասաց Օհանյանը։

Հարցին՝ այս փուլում ՀՀ-ն կարողանում է կատարել իր՝ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի դերը, եթե չլինի ԱՀ ՊԲ, ՀՀ ՊՆ-ն կարո՞ղ է պաշտպանել ԱՀ անվտանգությունը, Օհանյանն արձագանքեց

«Դժվար է ինձ համար ասել, որովհետև ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանի և Արցախի այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար պետական կառավարման համակարգում պետք են լուրջ քայլեր՝ երկրի ներսում և դրսում, իսկ այս իշխանությունները ցույց են տվել, որ նրանք ի վիճակի չեն։ Նրանք ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի, ոչ մի բան չարեցին, որ մենք պատերազմի ժամանակ հստակ ղեկավարում իրականացնենք, դեռ ավելին՝ ամբողջ նահանջը, ամբողջ պարտությունը պատերազմի ընթացքում խրախուսեցին»,-ասաց նա։

Հարցին՝ ինչպես կանխել, եթե իրենք հրաժարական չեն տալիս, Օհանյանն ասաց «Ամեն ինչ պետք է անել, որ սրանք փոխվեն»։

Նրա կարծիքով՝ իրավիճակը լարված է հատկապես երեկվանից սկսված թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո «Դրանք հարձակողական բնույթի են, իրենց կարողություններն են կատարելագործելու։ Մեր սահմանին մոտ են, մոտ են նաև ռուսական 102-րդ ռազմաբազային։ Դրանից պետք է հետևություններ անել։ Բացի երկրի ներսում արագ ինքնակազմակերպվելուց՝ պետք է արագ միջոցառումներ ձեռնարկվեն նաև միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում և դիվանագիտական կոնկրետ քայլեր պետք է արվեն, նաև՝ ՌԴ համատեղ գործողությունները կատարելագործելու առումով, ինչու չէ՝ կարող ենք մենք էլ զորավարժություններ անցկացնել, բայց պլանները պետք է ճշտվեն»,-ասաց նա՝ ելելով նաև թուրք-ադրբեջանական զորավարժությունների հնարավոր հոգեբանական ազդեցության մասին

«Հասկանում եմ, որ այդ զորավարժությունները հոգեբանական որոշակի ճնշում են մեզ վրա, նաև հիշեցում են ՌԴ-ին, բայց, այնուամենայնիվ, թուրք-ադրբեջանական համագործակցությանը միանշանակ պետք է դիմագրավենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ՝ հայ-ռուսական համապատասխան միջոցառումներով»,-ասաց նա։