ՀՀ ՊՆ ղեկավարը հանդիպել է ՄԹ պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոնի Բրամվլի (նստավայրը` ք. Թբիլիսի) և պաշտպանության հարցերով խորհրդական տիկին Քլեր Մք Քեյնի (նստավայրը` ք. Թբիլիսի) ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հելեն Ֆեյզին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ցավակցություն հայտնել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների համար:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը: Բրիտանական կողմի խնդրանքով ներկայացվել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքներն ու ակնկալվող զարգացումները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ իրականացվում է ռազմական գործողությունների ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես զինված ուժերին առնչվող կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի ու մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավաոռւմ հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող համագործակցության նոր ոլորտներ:

Բրիտանական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունն արդեն առկա, ինչպես նաև հայկական կողմից առաջարկվող նոր ուղղություններով: