ԱՄՆ-ը և Եվրոպայի երկրները կոչ են արել ազատ արձակել Նավալնուն

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ռուս ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու նկատմամբ կայացված դատավճռով և կրկնում է նրան անհապաղ ազատ արձակելու կոչը:

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ընդդիմության առաջնորդ (Ալեքսեյ) Նավալնուն 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու ռուսական իշխանությունների որոշումից»,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

«Անգամ Ռուսաստանի հետ ԱՄՆ շահերը առաջ տանելու համար աշխատելով՝ մենք սերտորեն կհամակարգենք մեր գործողությունները դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու անկարողության համար»,- ասել է նա:

Նավալնուն ազատ արձակելու կոչով են հանդես եկել նաև Գերմանիան և Բրիտանիան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայի Սիմոնովյան դատարանը «Իվ Ռոշեի» գործով Ալեքսեյ Նավալնու պայմանական պատիժը փոխարինել է 3,5 տարվա իրական ազատազրկմամբ, տեղեկացնում է News.am: