Հայկ Մամիջանյան․ Երեկ կայացել է վեց լիդերի հանդիպումը

Երեկ կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող վեց կուսակցության առաջնորդների հանդիպումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

«Այո՛, այդ հանդիպումը կայացել է, մանրամասների մասին կլինի լրատվական տեղեկացում։ Բայց այդ աշխատանքային հանդիպումների մանրամասների մասին չէի ուզենա խոսել», - ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, թե այն լուրերը, որոնք տարածվում են քարոզչամեքենայի կողմից, թե իբր «Հայրենիքի փրկության շարժման» հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, կեղծ են։

«Որևէ խնդիր չկա, ինչպես տեսնում եք, շարժումը շարունակում է իր աշխատանքները բոլոր ֆրոնտներով։ Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում արդեն իսկ կան որոշ փոքր հաղթանակներ և դեռ առջևում է հիմնական հաղթանակը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», - ասաց Հայկ Մամիջանյանը, տեղեկացնում է Aysor.am։