ՀՀ ԳԱԱ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանման և մշտադիտարկման կազմակերպման մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հայտարարությունը.

«Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռա­կողմ հայտարարությանը հաջորդող այս ամիսներին Ադրբեջանի բարձրագույն ղեկա­վարության գործելաոճը, սոցցանցերում և միջազգային հարթակներում տիրաժավոր­վող կեղծիքն ու ռազմատենչ հռետորաբանությունը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի ներ­կայիս ղեկավարությունն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղություն հաստա­տե­լու ջանքերը վիժեցնելու և Արցախը հայաթափելու համար։

Տարիներ շարունակ հայերին և հայկականությունը մերժող ատելության խոսքի շնորհիվ այսօր արդեն հայատացությունն ադրբեջանական հանրության ինքնության կարևոր բաղադրիչի է վերածվել։

Վերջին հարյուրամյակում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ուծացման, էթնիկ զտումների, պարբերաբար կրկնվող զանգվածային կոտորածների պրակտիկաներում «հաջողություններ գրանցած» Ադրբեջանի ղեկավարությունը տարածաշրջանի պատմության կեղծման, հայոց մշակու­թային ժառանգության ոչնչացման կամ «ալբանականացման» քաղաքականութ­յունն այս օրերին դարձրել է ազգային նպատակ: Իլհամ Ալիևի մասնակ­ցութ­յամբ Շուշին ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչա­կելու հիմնազուրկ առաջարկի քննարկումները, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մա­սին Ադրբեջանի ճարտարապետ­ների ասոցիացիայի նախագահի հայտարարությունը, Դադիվանքում ուդի Ռաֆիկ Դանաքարիին սպասավոր նշանակելու և թատերա­կանացված «ծիսական» արարողություն­ների ցուցադրութ­յունը, Արցախում 300 «աղվանական» եկեղեցիների մասին լրատվամիջոցներով սադրիչ հայտա­րարությունն այդ քաղաքականության կենսա­գործման ակնհայտ վկայություններն են: Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է, որպես աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայա­ցու­ցիչ­ներին: Ներկայումս ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիա­կան» եկե­ղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարա­րելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ու­նի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ ներկայիս Թուրքիայի տա­րած­­քում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբան­ների կողմից աղվանա­կան հռչակված եկեղեցիները:

Գիտական առումով որևէ քննադատության չդիմացող և քաղաքական առումով բարոյականության հետ նվազագույն աղերս չունեցող նման գործելակերպի ողջ զազրելիութ­յունն ավելի հստակ է դառնում, երբ ետադարձ հայացք ենք նետում Աղվանից եկեղեցու պատմությանը և ուդի ժողովրդի անցած պատմական ուղուն:

Պատմական փաստերը վկայում են, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցուն, առաքելական քարոզության շրջանից հետո վերահաստատվել է Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի կողմից 330-332 թթ. և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս» մաս է կազմել Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի։

Աղվանից եկեղեցու առաջնորդները ձեռնադրվել են Հայոց եկեղեցու կաթողիկոսների կողմից, կամ, երբեմն՝ նրանց համաձայնությամբ:

Զարգացած միջնադարում Աղվանից եկեղեցին ամբողջապես հայկականանում է, երբ 15-րդ դարի սկզբից Գանձասար է փոխադրվում կաթողիկոսական աթոռը, «Աղվանից կաթողիկոս» կապակցությունը մնում է որպես անցյալից ավանդված պատվո անուն:

Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կոծկելու համար Ադրբեջանի առաջին դեմքի մակարդակով հայտարարություններ են տարածվում, որ հայերն իբրև թե ոչնչացրել են Արցախի տարածքում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այս հայտարարությունն ակնհայտ սուտ է և քաղաքական ենթատեքստ ունի: Բավական է նշել, որ Ադրբեջանի կառավարության 1988թ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում և հարևան շրջաններում արձանագրված է 27 մզկիթ: Այս ցանկում արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղում իբրև թե 282 հուշարձան կա: Այսօր Լեռնային Ղարաբաղի սահմաններում հաշվառված և գրանցված շուրջ 3900 հուշարձան կա, այդ թվում՝ 241 վանք ու եկեղեցի: Դաշտային հետազոտական աշխատանքների շնորհիվ հիմնովին թարմացվել է նաև Քարվաճառի ու Քաշաթաղի հուշարձանների ցանկը: Վկայագրվել և գրանցվել է շուրջ 750 հուշարձան, այդ թվում 53 վանք ու եկեղեցի: Այս տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ փաստերի կեղծումը Ադրբեջանի պետական քաղաքականության կարևոր մասն են կազմել տասնյակ տարիներ:

Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններից հետո այս հուշարձանների զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել և վաղ թե ուշ Նախ­իջևա­նի տարածքի հայկական մշակութային ժառանգության ճակատագրին են արժա­նանալու՝ ավերվելու են, կամ, լավագույն դեպքում, անվանափոխվելու և «աղվանա­կա­նացվելու են»:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթարության ապահովումը տարածաշրջանում կայուն խաղա­ղու­թ­յուն հաստատելու, հումանիտար ճգնաժամը հաղթահարելու առանցքային պայ­մաններից մեկն է և անհետաձգելի լուծում է պահանջում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան առանձնապես գնահատում է Դադիվանքի պահպանության ռուսական խաղաղապահների հանձնառությունը և գտնում, որ այդ հանձնառության շրջանակները պետք է ընդլայնվեն՝ պատմամշակութային հուշարձաններում վանդալիզմի և ավերումների դեպքերը հնարավորինս բացառելու համար:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի այս տարվա հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) զեկույց-բանաձևում Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման, իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ դրույթների ամրագրումը և հույս հայտնում, որ կմշակվեն գործուն մեխանիզմներ դրանց լուծման համար:

Առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թ. մարտի 24-ի նստաշրջանում ընդունված թիվ 2347 բանաձևում ամրագրված դրույթներն առ այն, որ «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, թալանը և մշակութային արժեքների մաքսանենգությունը զինված բախումների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորում­ների կողմից, և, այս համատեքստում, պատմական արմատների ու մշակութային բազմազանութ­յան ժխտման փորձերը կարող են թեժացնել և սրել հակամարտությունները, խոչընդոտել հետհակամարտական ազգային հաշտեցումը, այս կերպ խաթարելով տուժած երկրների անվտանգությունը, կայունությունը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան դիմում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով օժանդակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (UNESCO)՝ ռազմական գործողությունների տարածքում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկում իրականացնելու համար: Միաժամանակ կոչ ենք անում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կառույց­ներին՝ Թանգարանների միջազգային խորհրդին (ICOM), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին (ICOMOS), Հակա­մար­տության գոտի­ներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանսին գործուն քայլերով օժանդակել և խրախուսել UNESCO-ին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»:

Արմենպրես