Սերժ Սարգսյանը պատասխանել է Մարուքյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գրավոր պատասխան է ուղարկել Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին` մերժելով փաստահավաք խմբում ընդգրկվելու առաջարկը։ Սարգսյանի պատասխանը հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook–ի իր էջում։

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծապես կարևորում է արցախյան վերջին պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականացնելու կենսական անհրաժեշտությունը ՀՀ–ի և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության, ինչպես նաև պատմական արդարության, անկողմնակալ արդարադատության և հայ ժողովրդին պատերազմի մասին ողջ ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից։ Միաժամանակ արձանագրում ենք, որ գործող վարչակազմի շարունակվող պաշտոնավարման պարագայում անհնար ենք համարում նշված խնդիրների ամբողջական լուծման հնարավորությունը և Ձեր առաջարկած մեխանիզմի արդյունավետությունը։ Ուստի գտնում ենք, որ արցախյան վերջին պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննության հարցին իր ինստիտուցիոնալ լուծումներով, մեխանիզմներով, ընթացակարգերով պատեհ է անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունից հետո»,– նշված է Սերժ Սարգսյանի պատասխանում, տեղեկացնում է Sputnik Armenia։