ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ. ՉԵՆ ՊԱՊԱՆՁՎՈՒՄ՝ ԾԱՌԱՅԵԼՈՎ
Հայ հասարակության մեջ կրկին զայրույթի պայթյուն է տիրում հերթական իշխանամետ գործչի հերթական սկանդալային հայտարարությունների կապակցությամբ։ Խոսքը, բնականաբար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի ելույթի մասին է՝ «Пограничная ZONA» նախագծի շրջանակներում կայացած առցանց կոնֆերանսում, որից հետո մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Գորգիսյանը «Լուսավոր Հայաստանից», խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին առաջարկեց քննարկել Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը «կամ առնվազն սահմանափակելու նրա մասնակցությունը միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության միջոցառումներին»։
Մակունցը, որը դեռ դուրս չի եկել սեփական աղմկահարույց սկանդալից, բնականաբար, լռում է, բայց բոլորին էլ հասկանալի է, որ նրա գործընկերուհին ոչ միայն չի զրկվի մանդատից կամ ինչ-որ կերպ սահմանափակվի իր գործունեության մեջ, այլև կպարգևատրվի կուսակցության և արտաքին պատվիրատուների առաջադրանքները բարեխղճորեն կատարելու համար: Պատահական չէ, որ արդեն խոսակցություններ են շրջում Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնում նրա հնարավոր նշանակման մասին։ Ինչո՞ւ ոչ։ Դիլետանտություն՝ ամենուր և ամեն ինչում. կանգ չառնե՛ք, աղջիկներ ու տղաներ, ինչպես ասում են՝ խայտառակվեք մինչև վերջ:
Եվ այսպես, ի՞նչ առանձնահատուկ բան կար առցանց կոնֆերանսում Բեղլոյանի արտասանած ճառի մեջ։ Ոչինչ էլ չկար։ Տարօրինակը թերևս այն է, որ հասարակությունը դեռևս զարմանում է, զայրանում ու վրդովվում՝ պարզաբանումներ և գրեթե ապաշխարանք պահանջելով: Թեև սույն տհաճ և մինչև նշված ելույթը լայն հասարակայնությանը գրեթե անհայտ անձնավորությունը լոկ հաստատեց ավելի բարձրաստիճան գործիչների կողմից ավելի վաղ հնչեցված իշխանական ծրագրային կանխադրույթները։
Հիշենք թեկուզ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները, որը հրճվալից սպասում է ադրբեջանական շուկաներ և թուրքական նավահանգիստներ մտնելու հնարավորությանը, կամ բոլոր իմաստներով բացառիկ «անդոնին»՝ նույն «Իմ քայլը» խմբակցությունից, որը կրքոտ փափագում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ, կամ մեկ այլ իշխանամետ պատգամավորի, որը խորհրդարանում հայտնվել է բացառապես փաշինյան-հակոբյանական թերթոնում աշխատելու շնորհիվ և լռում էր երկու տարի շարունակ, իսկ հետո հանկարծ կուսակցության հանձնարարությամբ իր ընդերքից կորզեց այն խոսքերը, թե իբր՝ իսկ ի՞նչ վատ բան կա նրանում, որ Երևանում վաճառվեն ադրբեջանական ապրանքներ։ Հիշենք փոխխոսնակ Նազարյանի հարցազրույցը երկու շաբաթ առաջ, վերջապես՝ հենց Փաշինյանի հայտարարությունները, որն այն աստիճան է լկտիացել, որ կասկածներ է հայտնում Շուշիի հայկական պատկանելության վերաբերյալ։
Հունվարի 15-ին Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում Նազարյանը հայտարարեց հետևյալը. «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։ Պետք է փորձել «երկարատև կամ նույնիսկ մշտական խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ», ընդգծեց նա, խստադեմ հավելելով. «Տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա»: Պետք է ենթադրել, թե նախկինում հայկական Արցախը խանգարում էր Լենային ու տարածաշրջանին «մարդկային դեմք ունենալ», իսկ հիմա ահավասիկ փոխխոսնակը մտադիր է թուրքերի հետ համատեղ տալ տարածաշրջանին այդ «դեմքը»։
Այժմ անդրադառնանք նրան, թե կոնկրետ ինչ է ասել Բեղլոյանը։ «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին, թե ով է հարձակվել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում», - հայտարարեց նա։ Նշելով, թե «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ կան տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ ազգայնական», նա շարունակեց. «Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ-ն, ԱԺ-ն, իշխող կուսակցությունը և վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրության, ընդունելի չեն Հայաստանի, հայի համար»։
Թե ինչի հիման վրա է սույն տիկինը իրեն իրավունք վերապահում խոսելու Հայաստանի և հայ մարդու անունից, հանդես գալով, իր իսկ խոսքերով, ընդամենը «ԱԳՆ-ի, իշխող կուսակցության և վարչապետի ինստիտուտի» անունից, պատգամավորուհին, բնականաբար, չհստակեցրեց։
Արձանագրենք առաջինը ՝ Անուշ Բեղլոյանի համար առհասարակ կարևոր չէ, թե ով է իրականացրել ագրեսիան և ով է պատերազմական հանցագործը։ Բեղլոյանի համար կարևոր չէ, թե ում «պատմական հողն» է դա, այսինքն նրա համար ոչ մի նշանակություն չունի՝ Արցախը հայկական հող է, թե ոչ, ինչպես որ իր շեֆի համար՝ Շուշին։ Բեղլոյանի համար ոչ մի նշանակություն չունեն պատմական աղբյուրներն ու գրողները, որոնց մասին այդ տգետը համարձակվում է ծաղրալից արտահայտվել։ Վերջապես, եթե կորցրած Հայրենիքը վերադարձնելու հայ ժողովրդի ճնշող մեծամասնության երազանքն ու ցանկությունը Նազարյանի համար «հետադիմական ու վնասակար» է, ապա իր խմբակցության գործընկերուհու համար դա «ազգայնական» գաղափար է, որն արժանի չէ միջազգային հարթակներում ներկայացված լինելու իրավունքին։
Տվյալ հայտարարությունն իրականում բավական ուշագրավ է։ ԱԺ պատգամավորը հայտարարում է, որ «ազգայնական» հայացքներ ունեցող քաղաքացիները, չնայած Հայաստանում տիրող ողջ ժողովրդավարությանը, ձայնի իրավունք չունեն. պետք է լսել միայն այն, ինչ ասում են իշխանությունները։ Իսկ թե ինչ են այնտեղ խոսում կուսակցական ու հասարակական տարբեր այլ ուժեր՝ էական չէ։ Հետաքրքիր է, ժողովրդի այդ ծառային ընտրած մարդկանց մեջ կա՞ն ազգայնականներ, թե՞ բոլորն անխտիր իշխող կուսակցության կողմնակիցներ են, դեմոկրատներ ու մանկուրտ կոսմոպոլիտներ։
Բայց մի՞թե Անուշ Բեղլոյանը որևէ նոր, դավաճանների թիմի իր գործընկերների հայտարարություններից տարբերվող ինչ-որ բան ասաց։ Ոչ։ Պարզապես նա հնչեցրեց դա միջազգային հարթակում։ Հետպատերազմյան երեք ամիսների ողջ ընթացքում իշխանության բոլոր ներկայացուցիչներն անդադրում փորձում են քարոզել նույն հակահայկական թեզերը. պետք է մոռանալ Արցախի, պատերազմի, հսկայական կորուստների մասին՝ մարդկային և տարածքային, ուրախ-զվարթ ախպերանալ ազեր-թուրքերի հետ, հլու-հնազանդ համաձայնել նրանց բոլոր պայմաններին և նրանց հետ գրկախառնված գնալ առաջ, դեպի պայծառ տնտեսական ապագա. նույնիսկ ամեն հայկականի և բուն Հայաստանի ոչնչացման գնով։
Ի դեպ, եթե աչքի անցկացնենք «Իմ քայլի» տվյալ ներկայացուցչուհու կենսագրությանը, ապա անմիջապես աչքի է զարնվում, որ հենց դրանով՝ հայ ժողովրդի կենսական շահերի և իրական արժեքների հաշվին երեսպաշտ ու կեղծ խաղաղարարությամբ է նա զբաղվել վերջին տարիներին արևմտյան դրամաշնորհներով։
Հաջորդ օրը Բեղլոյանն ապաշնորհ կերպով փորձեց տակից դուրս գալ լրագրողների առջև. ճիշտ և ճիշտ իր շեֆի պես, որն ամեն անգամ սկանդալներից հետո փորձում է գլուխը պրծացնել՝ հայտարարելով, թե, իբր՝ իրեն սխալ են հասկացել ու հանել խոսքերը կոնտեքստից։ Եվ ճիշտ այնպես, ինչպես իր շեֆի պարագայում, Բեղլոյանի մոտ էլ ամեն ինչ ծիծաղելի ու անհարմար ստացվեց. և ծուռ ժպիտը պատգամավորուհու դեմքին, որին քաղաքացիները դիպուկ կնքել են «թուրքի հարճ»՝ նրան նվիրելով համապատասխան հագուստ, դրա առավել քան ստույգ հաստատումն է։ Պետք է ասել, որ լրագրողները նրան շատ պինդ դեմ տվեցին պատին՝ ոչ մի հնարավորություն չտալով հերքել սեփական խոսքերը, ինչը նա սկզբում փորձում էր անել։ Դա նրան չհաջողվեց. պարզապես աչքը խոթեցին իր իսկ ճառի տեսագրությունը, բռնացնելով ստելու (իսկը իր շեֆի պես) և ամեն ինչ կոնտեքստին վերագրելու փորձի վրա։
Ա՜խ, այդ «կոնտեքստը»... Սաստիկ ցանկություն է առաջանում ասելու. եթե չեք կարողանում խոսել այնպես, որ ձեր խոսքերն անհնար լինի այլ կերպ մեկնաբանել, ուրեմն պապանձվե՛ք։ Բայց ախր չեն պապանձվում։ Իրավունք չունեն, պարտավոր են խոսել, որովհետև ծառայում են կուսակցությանը, պայմանական «սորոսին», թուրքերին, Արևմուտքին, գրանտատուներին, հովանավորներին. ծառայում են ում ասես, միայն ոչ հայ ժողովրդին, թեև իբր պատգամավոր են, իսկ ինքը՝ Փաշինյանը, իբր վարչապետ։ Դրա համար էլ տակները կեղտոտում են, փողոցային կատվի պես, ու ծլկում թփուտներ՝ պատրվակներ բռնելու և արդարանալու, թե իբր՝ մեղավոր չենք, մեզ սխալ եք հասկացել։ Քազի իրենք էլ գիտակցում են, որ անվերջ կեղտոտում են մեր տան մեջ ու այլանդակություններ անում երկրի դեմ։ Փողի դիմաց. հենց այն 30 արծաթի, պաշտոնների դիմաց. փոխխոսնակների, դեսպանների կամ նախարարների աթոռի, շեֆի ու տերերի բարեհաճության դիմաց, որոնք նորանոր բարիքներ են խոստանում։ Իսկ հետո ծուռ ժպտում են՝ հերքելով իրենց իսկ խոսքերն ու նույնիսկ չկարմրելով. Դե, գործն արված է. տերերը ծառաներից գոհ են։
Դրա համար էլ ստացվում է, որ ինչ էլ խոսեն, հնչում է մեն-միակ քայլերգ. թուրքական։