Սերգեյ Լավրովն իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով իր զրուցակցին պաշտոնը ստանձնելու առթիվ` Լավրովը թեմաների լայն շրջանակի շուրջ կառուցողական երկխոսության պատրաստակամություն է հայտնել:

Որպես Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսային խոսակցության զարգացում, զրուցակիցները ողջունել են Ռազմավարական սպառազինության սահմանափակման պայմանագրի երկարաձգումը մինչև 2026թ., ինչը կնպաստի միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակի ընդհանուր բարելավմանը։ Անդրադարձ է կատարվել սպառազինությունների վերահսկման ոլորտում կանխատեսելիության ապահովման հարցերին`հաշվի առնելով ԱՄՆ-ի դուրս գալը ՄՓՀՀ պայմանագրից, ինչպես նաև «Բաց երկնքի մասին» պայմանագրի հեռանկարների համատեքստում:

Միջազգային թեմաներից քննարկվել են, մասնավորապես, Սիրիայում և Լիբիայում խաղաղ կարգավորմանն աջակցելը, ինչպես նաև իրավիճակը Ուկրաինայում:

Լավրովը պետքարտուղարին հիշեցրել է Մոսկվայի կողմից նախկինում արված ռուս-ամերիկյան համատեղ առաջարկները՝ միջուկային պատերազմի անթույլատրելիության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին:

Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որին անդրադարձել է Բլինքենը, նախարարը մանրամասն բացատրություններ է տվել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը և դատական համակարգը հարգելու անհրաժեշտության մասին: Նա պետքարտուղարի ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքող անձանց հետապնդման հետ կապված խնդիրների վրա և կոչ է արել ապահովել համապատասխան դատական ընթացակարգերի թափանցիկությունը:

Լավրովը հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է համատեղ աշխատանքի` երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը նորմալացնելու համար` փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության հիման վրա: Ընդգծվել է երկու երկրների տարածքում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների գործունեության կուտակված դժվարությունները փոխադարձաբար վերացնելու պատրաստակամությունը: Բլինքենը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել փորձագիտական երկխոսություն այս հարցերի շուրջ:

Կողմերը կողմ են արտահայտվել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համագործակցության հաստատմանը, ներառյալ պատվաստանյութերի մշակման և կատարելագործման ոլորտում համագործակցությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական աշխատանքային շփումները պահպանելու մասին, տեղեկացնում է News.am: