Al-Monitor. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՄԱՀԱՑՈՒ ՀԱՐՎԱԾ ԿՀԱՍՑՆԻ
Թուրքիայի հետ հաշտությունը, ամենայն հավանականությամբ, մահացու հարված կհասցնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը բախվում է հրաժարականի բազմաթիվ կոչերի: Այս մասին նշում է Ամբերին Զամանը Al-Monitor-ում հրապարակված իր հոդվածում:
Մոտ ապագայում բացառված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտարարել է բարձրաստիճան հայ դիվանագետը՝ չներկայանալու պայմանով: Նրա խոսքով՝ թուրքական նախաձեռնությունները կապված են նախագահ Ջո Բայդենի այն խոստման հետ, որ միանալու է ազգերի աճող թվին, որոնք 1915 թվականին միլիոնից ավելի օսմանյան հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել: «Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանի ագրեսիվ պատերազմին՝ խորհրդատվության, զենքի, ինչպես նաև [Սիրիայից] իսլամիստ վարձականներ հավաքագրելու ու ուղարկելու միջոցով վերածնեց ցեղասպանության հանդեպ հայերի դարավոր վախը»,- ասել է դիվանագետը: «Ցնցող է, որ երկիրը կարող է հարյուրամյակի ընթացքում հավատարիմ մնալ ցեղասպանությանը՝ մի կաթիլ մեղքի զգացում չունենալով այն ամենի համար, ինչ արել են իր նախորդները, հանցագործությունը ճանաչելու և զղջալու փոխարեն»,- հավելել է նա:
Այսպիսի տրամադրությունները լայնորեն տարածված են: Թուրքիայի հետ հաշտությունը, ամենայն հավանականությամբ, մահացու հարված կհասցնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը բախվում է հրաժարականի բազմաթիվ կոչերի: «Ժողովրդական ճակատ» անկախ հարթակի հիմնադիր Ջեյք Հանրահանը, որը վերջերս եղել է Լեռնային Ղարաբաղում, կարծում է, որ հայ ժողովուրդը «բացարձակապես դեմ կլինի» Թուրքիայի հետ ցանկացած մերձեցման: «Թուրքական դրոշները երևում են Ստեփանակերտից, դրանք այժմ ծածանվում են [Ադրբեջանի կողմից վերահսկվող] Շուշիում, վայրերում, որտեղ Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ուժերը տեսախցիկի առաջ հայերի գլուխներ են կտրել»,- ասել է նա Al-Monitor-ին: «Եթե Հայաստանի կառավարությունը որոշի դա անել հիմա, ապա կկորցնի հավատի այն ծվենները, որ դեռևս ունի»,- հավելել է Հանրահանը:
Հանրահանը նկատի ունի մի քանի սարսափազդու տեսահոլովակները, որոնք պատերազմի ժամանակ տարածվել են համացանցում, երբ ադրբեջանական ուժերը երկու հայի էին գլխատել:
Chatham House-ի կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսը համաձայն է, որ նման դառնության պարագայում Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունը դժվարին կլինի: «Նվաստացուցիչ պարտությունը, որում Թուրքիան առանցքային դեր խաղաց, կարգավորման համար, իհարկե, բարենպաստ ենթատեքստ չէ: Նման ցանկացած գործընթաց, պետք է ժամանակի ընթացքում կառուցված և տարբեր չափումներում՝ սոցիալական, մշակութային, գաղափարախոսական, իրացվող գործընթաց լինի, այլ ոչ թե սոսկ որպես աշխարհաքաղաքական փոխզիջում»,- ասել է նա:
Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, այս հարցում մեծ ազդեցություն չունի: «Հայաստանի ներկայիս ցանկություն չունենալը կարող է դառնալ ոչ այնքան խոչընդոտ, որքան աննշան անհարմարություն»,- ասել է Կիրակոսյանը՝ նշելով երկու պատճառ. «Առաջին՝ Թուրքիան կարող է սահմանի բացման միակողմանի ջանքեր գործադրել՝ սպառնալով մեկուսացնել հայ ղեկավարներին, հարկադրելով նրանց ինքնասպանությանը հավասար մերժման:
Երկրորդ պատճառը, որ կարգավորում կարող է լինել Հայաստանին պարտադրված Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնագրի հետևանքով, անտրամաբանական է հնչում: Բայց Կիրակոսյանը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սա դիտարկելու է որպես Եվրասիական տնտեսական միությունն ամրապնդելու կարևոր միջոց՝ դրա սահմաններն ընդլայնելով մինչև Թուրքիա: «Ռուս սահմանապահներն են վերահսկում այդ սահմանը, և դրանից շահում է Ռուսաստանին պատկանող հայկական երկաթուղիների ցանցը: Ռուսաստանի համար սա Վրաստանին մեկուսացնելու ևս մեկ միջոց է»,- ասել է նա:
Բրոերսն առարկում է՝ նշելով, որ կոշտ մոտեցումը կարող է արագ արդյունքներ տալ, բայց կայունություն չի երաշխավորի: Քանի որ Հարավային Կովկասում Ռուսաստանի նախկին մենատիրությունը սպառնալիքի տակ է Ադրբեջանի կողմում Անկարայի վճռական միջամտությամբ և այժմ զգալիորեն «սահմանափակված է անվտանգության ոլորտում», Թուրքիան պետք է որոշի՝ ցանականո՞ւմ է արդյոք իր ազդեցությունն օգտագործել որպես Հայաստանի վրա ևս մեկ գերիշխող, թե՞ տարբեր կարգի հարաբերություններ ունենա՝ հիմնված փափուկ և տնտեսական ուժի վրա:
Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը ենթադրում է, որ նա, ամենայն հավանականությամբ, կնախընտրի առաջին տարբերակը: «Տարածաշրջանայնացման ամբողջ դինամիկան ենթադրում է, որ Թուրքիան «մերձավոր արտասահմանում թատերաբեմեր» է որոնում, որ ցուցադրի իր գերիշխանությունը: Գերիշխանությունը ձեզ Հարավային Կովկասում երկար ճանապարհ է տալիս, բայց վերջնարդյունքում նաև դառնում է տարածաշրջանային պառակտման զոհը»,- ամփոփել է Բրոերսը: