Միշուստին. ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար վատագույն սցենարից հաջողվեց խուսափել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տնտեսությունների համար վատագույն սցենարից համավարակի ընթացքում հաջողվեց խուսափել, այժմ կարևոր է ապահովել, որպեսզի միության բոլոր երկրներում բնակչությունը պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի` ընդլայնված կազմով նիստին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Համաձայնեցված գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ կանխել վատագույն սցենարը»,- ասաց նա` շեշտելով, որ, իր կարծիքով, կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակում է հնգյակի երկրների համատեղ գործունեության կարևոր ուղղությունը մնալ:

«Ակնհայտ է, որ այստեղ որոշիչ գործոն կլինի պատվաստումների հնարավորությունների ստեղծումը ողջ Միության տարածքում»,- ընդգծեց Միշուստինը` հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել իր գործընկերներին այս ոլորտում:

Մի շարք երկրների կողմից կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի օգտագործումը սպառնում է անկանխատեսելի և վտանգավոր հետևանքներով, հավելել է Միշուստինը: Նա նշեց, որ համաճարակի դեմ պայքարում համագործակցելու փոխարեն «որոշ պետություններ ստեղծված իրավիճակն օգտագործում են իրենց շահերի համար»: «Այս ամենը կարող է անկանխատեսելի ես նույնիսկ վտանգավոր հետևանքների հանգեցնել»,- ասել է Միշուստինը: Նրա խոսքով` «տնտեսական պատժամիջոցները, պրոտեկցիոնիզմը, առևտրային պատերազմները տարեցտարի սրվում են»: «Եվ այս պայմաններում մեր առաջնահերթությունը պետք է լինի արդյունաբերական համագործակցության զարգացումը Միության ներսում և ներմուծման պետական ծրագրերի` անդրազգային մակարդակ վերհանումը»,- կարծում է Ռուսաստանի կառավարության ղեկավարը, տեղեկացնում է News.am: