Թաթոյանը հանդիպել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրասենյակը։

Փետրվարի 5–ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ:

Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանը ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն առաջացնելու նպատակով: Դրանից բացի, պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում:

«Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև Արցախից Հայաստան տեղափոխված անձանց իրավունքների երաշխավորման հարցը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առաջիկայում կհրապարակվի արտահերթ զեկույց, որտեղ տեղ են գտել երկրում ռազմական դրություն հայտարարվելու օրվանից սկսած մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված և մինչ օրս իրականացվող անհատական դիմումների (գրավոր և բանավոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում Արցախից տեղահանված անձանց բնակության վայրեր (կացարաններ, ժամանակավոր կայանման կետ, մասնավոր տներ) իրականացված այցերի արդյունքում արձանագրված կարիքները, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովման խնդիրները, տեղեկացնում է Sputnik Armenia։