Հերթական ակցիան՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ցուցարարները պահանջում են նաև, որ ազատ արձակվի Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

 

Մի քանի տասնյակ մարդիկ այսօր հավաքվել էին Երևանի Հանրապետության հրապարակում և պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մարդիկ պահանջում են նաև, որ ազատ արձակվի Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Ցուցարարները նրան համարում են քաղբանտարկյալ։

Ոստիկանական ուժերի ուղեկցությամբ ցուցարարները հրապարակից շարժվեցին ԱԱԾ-ի շենքի մոտ, որտեղ պահանջելու են ազատ արձակել Բադասյանին։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը հունվարի 30-ին, Վահան Բադասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Մինչ այդ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին՝ «Եռաբլուրում» արած հետևյալ հայտարարության համար. «Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, զենքի միջոցով նաև: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։

ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելմանն ուղղված հրապարակային կոչերը):