Modern DIPLOMACY․ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ՆՇԱՆԱՎՈՐԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՆԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Անկարան ձգտում է օգտագործել Բաքվի հետ կապը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար Օսմանյան կայսրությունը վերականգնելու և Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները միավորելու նպատակով՝ որպես ընդհանուր զինված ուժեր ունեցող միասնական տարածք թիկունքում: Այդ մասին գրում է լիբիացի լրագրող Ալաէդին Սալեխը Modern Diplomacy պարբերականի համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի կողմից թուրք զինվորականների և Սիրիայից վարձկանների ուղղակի մասնակցությունը նշանավորել է պանթյուրքական քաղաքականության գագաթնակետը, որն ագրեսիվորեն իրագործվում է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի և նրա Արդարություն և զարգացում իշխող կուսակցության կողմից՝ նպատակ ունենալով տարածել Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի թյուրքական պետությունների վրա:

«Այսօր մենք տոնում ենք այդ փառավոր հաղթանակը: Սակայն Ադրբեջանի կողմից իր հողերն օկուպացիայից ազատագրելը չի նշանակում, որ պայքարն ավարտված է: Պայքարը, որը տարվում է քաղաքական և ռազմական ոլորտներում, կշարունակվի նաև տարբեր այլ ճակատներում»,-ասել է Էրդողանը Բաքվում դեկտեմբերին կայացած շքերթի ժամանակ: Այդկերպ, նա միանշանակ հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունն ապահովելու իր աշխարհառազմավարական շահերը բոլոր միջոցներով՝ ներառյալ ռազմական ուժը:

Էթնոկրոնական հակամարտությունների սրում

Էրդողանի կողմից «մյուս ճակատների» հիշատակումը պատկերացում է տալիս ներկայիս Թուրքիայի արտաքին քաղաքականության էության մասին, որը փորձում է վերադարձնել իր երբեմնի հզորությունը: Եվրոպայում ապաինտեգրման գործընթացներն ու համաշխարհային գերտերությունների դերի նվազումը, որն ավելի վաղ թույլ չէր տալիս օսմանյան հավակնություններին դուրս գալ ազգային սահմաններից, տվել են Թուրքիային կանաչ լույս աշխարհաքաղաքական ռեվանշի համար: Սակայն իր տարածաշրջանային առաջնորդությունը վերականգնելու համար Անկարան ընտրել է բավականին կասկածելի մեթոդներ, այդ թվում՝ քաղաքական իսլամի և թյուրքական փոքրամասնություններով երկրներում սեպարատիստական տրամադրությունների խթանումը:

Հարկ է հիշատակել, որ, չնայած պանթյուրքիզմի գաղափարախոսությունը նախորդել է Ռեջեփ Էրդողանի նախագահության ժամանակաշրջանին, նա Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ առաջին առաջնորդն է, որն ակտիվորեն ներդնում է այն իր արմատական եղանակով:

Թուրքիան և զինված խմբավորումները, որոնք Անկարան հովանավորում է, իրականցնում են Սիրիայի հյուսիսում քուրդ բնակչության նկատմամբ ահաբեկչական քաղաքականություն: Օկուպացված տարաշքներում լայնորեն տարածված են էթնիկ զտումները, սպանություններն ու քուրդ ձեռնարկատերերի և հողի սեփականատերերի առևանգումները Թուրքիայում բնակություն հաստատած խմբավորումների միջև նրանց ունեցվածքը բաշխելու նպատակով: Իրավապահների տվյալներով՝ Աֆրինում թուրքական օկուպացիայի եռամյա ժամանակահատվածում սպանվել է 674 խաղաղ բնակիչ, առևանգվել՝ ավելի քան 7300 մարդ և բռնի տեղահանվել՝ 300 000 քաղաքացի: Բացի այդ, թուրքական ընկերությունները հատել են ավելի քան 314 000 ձիթապտղի ծառ և թալաներ ավելի քան 70 ճարտարապետական օբյեկտ:

Քրդերից բացի, Լեռնային Ղարաբաղի հայերը նույնպես սեփական մաշկի վրա զգացել են թուրքական նացիոնալիզմի ողբերգությունն անցած տարի: Թուրքիան ուղարկել էր Սիրիայից հազարավոր վարձկաններ Ադրբեջանին օգնելու համար վիճելի տարածաշրջանում պատերազմի ժամանակ: Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս, սակայն 1994 թվականից ունի քվազիանկախ կարգավիճակ՝ ստանալով պաշտպանություն Հայաստանից: Դաժան բախումների երեք ամիսների ընթացքում Ադրբեջանը կարողացել է գերազանցությունը ներկայացնել Թուրքիայի աջակցությամբ, և ստիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստորագրել համաձայնագիր, որն ապահովել է Բաքվի հսկողությունն օկուպացրած տարածքներում:

Ռազմական փորձագետները պնդում են, որ Ադրբեջանի հաղթանակն Անկարայի կողմից գնահատվել է՝ որպես իր արտաքին քաղաքականության ճշգրտության ապացույց: Դա նաև ուներ ռազմավարական նշանակություն Թուրքիայի կողմից Նախիջևանի ինքնավար մարզի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս հողերի միջով դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան ուղիղ մուտք ունենալու առումով թյուրքական երկրներում հետագա առաջխաղացման համար»,-գրում է հոդվածի հեղինակը:

News.am