Արայիկ Հարությունյան․ Դա ցնդաբանություններ են

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում հերքել է Կարմիր շուկան ու Ստեփանակերտը «հանձնելու» տեղեկությունները։

«Մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա-Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են։ Պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին», - գրել է նախագահը։

Հարությունյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն։

«Գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ: Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն», - գրել է Հարությունյանը։

Նախագահը պահանջել է ներքին թշնամիներից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց։

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Արցախի ԱԳՆ-ն կարող է լուծարվել՝ Ադրբեջանի պահանջով և Փաշինյանի համաձայնությամբ։

Նաև գրում էին, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը, տեղեկացնում է Sputnik Armenia։