Իրանը Ռուսաստան բողոքի նոտա է հղել

Թեհրանը բողոքի նոտա է հղել Մոսկվա՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից «Արաբական ծոցը» նշող հրապարակման կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն բացատրել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի արաբալեզու Twitter-ի հաշվում գրառումներից մեկում Պարսից ծոցի նկատմամբ նշվում է «Արաբական ծոց» անվանումը:

«Բողոքի նոտա է ուղարկվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Մոսկվայում մեր երկրի դեսպանության միջոցով», - նշել է Խաթիբզադեն:

Գործակալությունը բացատրում է, որ Իրանը ջրային ճանապարհի անվանումը ճանաչում է միայն որպես «Պարսից ծոց» և չի ճանաչում «Արաբական ծոց» կամ «Ծոց», քանի որ դրանք համարում է անհամապատասխանող պատմական անվանումին, տեղեկացնում է Aysor.am: