«Հայրենիքի փրկության շարժման» մարտավարության մեջ փոփոխություններ լինելու են

Կարծում եմ՝ հասարակական պահանջի ճշտումը իրենք արել են հավանաբար իրենց խմբակցության ներսում, հակառակ դեպքում կկարողանային ֆիքսել, որ իրոք հասարակական պահանջ կ օր առաջ այս չարիքի կառավարությունը հեռացնելու համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը, ըստ որի հասարակության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, տեղեկացնում է News.am:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մտքից հրաժարվելուն, Սաղաթելյանն ասաց, որ երեք հիմնական պատճառ կա դրա համար. «Առաջին վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ այլևս վերարտադրվելու հնարավորություն չունի, դա անհնարին է:Երկրորդ, հասկացել է, որ լուրջ խնդիրներ ունի իր թմի ներսում, որովհետև ԱԺ-ում պատահական հայտնված պատգամավորների մեծ մասը քաջ գիտակցում է, որ ինքը այլևս կորցնելու է իր մանդատը: Ընդ որում կորցնելու է անվերադարձ: Երրորդ պատճառը, որ իրենց թվում է, որ կարող են այս ամեն ինչը մարսել կեղծ օրակարգերով մեր հասարակությանը մոլորեցնել, ժամանակ ձգել, ընթացքում ամրապնդել իրենց իշխանությունը, և փորձեն հաղթահարել իրավիճակը: Այստեղ չարաչար սխալվում ենմ, որովհետև հայ մարդը, հայ ժողովուրդը երբեք չի կարող հանդուրժել այս դավաճան իշխանության գործունեությունը»,-ասաց նա:

Հարցին, թե որոնք են լինելու «Հայրենիքի փրկության շարժման» հետագա գործողությունները, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Նախ մենք վերահաստատում ենք մեր օրակարգը, առաջիկա օրերին շարունակվելու են բողոքի զանգվածային հանրահավաքներ, երթեր, ցույցեր, և ինչպես արդեն գիտեք, մենք մի քանի օր օր առաջ հայտարարել ենք, որ մեր գլխավոր հանրահավաքը տեղի է ունենալու փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում»:

Սաղաթելյանը խոսովանեց, որ այն ծրագիրը, որ մտածում էին, թե շատ կարճ ժամանակում հայ ժողովուրդը դուրս կգա փողոց և րոպե առաջ կքշի այս իշխանությանը, այդ փուլում չեն հաջողել. «Այնպես չէ, որ չկա հասարակական պահանջ: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ կա համահայկական, համահայաստանյան հասարակական պահանջ այս իշխանությանը րոպե առաջ հեռացնելու: Բայց այդ պահանջը չի վերածվել պայքարի: Մեր առաքելությունը պետք է լինի դա, որ այս համաժողովրդական պահանջը վերածվի ժամաժողովրդական պայքարի:

Եթե մինչ այս բազմաթիվ քաղաքացիներ մտածում էին, որ ընտրությունների միջոցով կգնան իրենց բողոքը կարտահայտեն և այդ ճանապարհով կհեռացնեն այս չարիքի կառավարութանը, հիմա այդ ճանապարհը ևս փակվում է իշխանության կողմից: Կարծում եմ՝ սրանից հետո այդ քաղաքացիները պարտավոր են իրենց բողոքն արտահայտել փողոցում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմությունն իր նպատակներին չի հասել, Սաղաթելյանն ասաց, որ իրենց մարտավարության մեջ փոփոխություններ լինելու են, բայց գլխավոր նպատակը նույնն է՝ համաժողովրդական լայն զանգվածային ճնշումների արդյունքում հասնել իշխանության հեռացմանը:

«Բայց այն իրավիճակը, որ պահանջ չկա, մարդիկ կմոռանան, կմարսեն այս իրավիճակը, դա թյուր պատկերացում է: Մեր հանրությունը շոկի մեջ է, սգի մեջ է, շատերը դեռ չեն պատկերացնում, թե ինչ աղետալի իրավիճակում ենք հայտնվել: Քաղաքացիներն օրեցօր դա ավելի խորը գիտակցում են: Այո, ես վստահ եմ, որ դուրս կգան փողոց և համաժողովրդական ճնշման տակ մենք կհասնենք մեր նպատակին»: