ՌԴ դեսպանն ասել է, թե ինչ են քննարկել Հայաստանի նախկին առաջնորդների հետ

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի նախկին առաջնորդների հետ քննարկել է հրատապ հարցերի ամբողջ շրջանակը և պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Խոսել ենք 2020թ-ի վերջին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, այն աշխատանքի մասին, որ իրականացնում են Ռուսաստանն ու խաղաղապահ զորակազմը, Ղարաբաղում Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնը, այն աջակցության մասին, որը ցուցաբերվում է Հայաստանին տարբեր ոլորտներում»,-ասել է Կոպիրկինը։

Նա նշել է, որ իր համար հետաքրքիր էր լսել նախկին ղեկավարների` երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի գնահատականները։ Կոպիրկինն ընդգծել է, որ նրանք ընդգծում է երկու երկրների միջև գոյություն ունեցող մտերիմ, դաշնակցային հարաբերությունների կարևորությունը։

Դեսպանի խոսքով` սա իսկապես անվտանգության և զարգացման այն գործոնն է, որն անհրաժեշտ է երկու երկրներին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում տիրող այս բարդ իրավիճակում։

Ինչ վերաբերում է իշխող թիմի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելու որոշմանը, Կոպիրկինը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության և քաղաքական ուժերի որոշելիքն է: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ընդունում է, որ դա Հայաստանի ներքին գործն է։

«Կարծում եմ՝ ճիշտ որոշում կընդունվի, այդ թվում՝ ելնելով այն բարդ իրավիճակից, որում գտնվում է երկիրը։ Կարևոր խնդիրները լուծելու անհրաժեշտությունից, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանը և որոնց լուծման հարցում Ռուսաստանը փորձում է ակտիվորեն օգնել»,-ասել է Կոպիրկինը, տեղեկացնում է Sputnik Armenia։