Ճարտարապետին փոխարինեց գինեկոլոգը

Երևանի ավագանին իր այսօրվա նիստում Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նվարդ Վարդանյանին, տեղեկացնում է Sputnik Armenia:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 46 կողմ ձայնով:

Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր ճարտարապետ Արսեն Կարապետյանը։ Նա իր մանդատը վայր դրեց 2020 թվականի նոյեմբերին։

Նուրադ Վարդանյանը ծնվել է 1987թ. հունիսի 15-ին Երևանում։ 2011թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 2011-2014թթ. եղել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օրդինատոր։

2008թ. բողոքի ցույցերին բժիշկ-ուսանողների «Խալաթներով երթ» նախաձեռնության կազմակերպիչ է:

2015թ. ավարտել է Հռոմում իտալերենի և իտալական մշակույթի «Լեոնարդո դա Վինչի» դպրոցը։

2016թ.-ից աջակցում է Լետիցիա Լեոնարդիին հայ գրականության և պոեզիայի իտալերեն թարգմանությանը:

2017թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանդիսացել է «Ելք» դաշինքի վստահված անձ։

2016թ. աշխատել է «Քարտեզ Իտալիա» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն։

2017թ. աշխատել է «Էյչ Էմ Թայլս» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն։

2017թ. հիմնել է «Պեգաս» մանկական արվեստանոցը։

2017-2018թթ. աշխատել է «Մանե» ցուցասրահ-սրճարանում՝ որպես տնօրեն։

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

Ամուսնացած չէ։