Կիրիլ Գևորգյանն ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի փոխնախագահ

Փետրվարի 8-ին Հաագայում տեղի ունեցած Միջազգային դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրություններում դատարանի փոխնախագահ է ընտրվել Կիրիլ Գևորգյանը՝ ռուս հայտնի փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ մինչև 2014 թ-ը դատարանում դատավոր ընտրվելը՝ Կ.Գևորգյանը պատասխանատու պաշտոններ էր զբաղեցնում Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունում, այդ թվում` 2003-2009 թվականներին Նիդեռլանդների Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում:

«Կիրիլ Գևորգյանի ընտրությունը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում այդպիսի պատվավոր պաշտոնում դատարանում նրա բարձր հեղինակության և առհասարակ ռուսական միջազգային իրավաբանական դպրոցի հեղինակության հաստատումն է: Համոզված ենք, որ նա կարևոր ներդրում կունենա Միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում՝ ուղղված վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի իրականացմանը»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։