Աբխազիան ցանկանում է մասնակցել Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացմանը

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումա՝ պատրաստակամություն հայտնելով հավասարազոր պայմաններով մասնակցել Աբխազիայի միջով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Աստամուր Լոգուան:

«Նախաձեռնության հեղինակը մեր հանձնաժողովն է: Մենք հետևում էինք տարածաշրջանի զարգացումներին և հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում, որը նման հանգուցալուծում ունեցավ: Ողջունում ենք տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման փաստը»,- ասել է նա Sputnik Абхазия-ին:

Պատգամավորի խոսքով՝ Աբխազիան մշտապես պատրաստակամություն է հայտնել հավասարազոր պայմաններով մասնակցել մեծ տարածաշրջանային նախագծերին: Եվ քանի որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասն մնա։ Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում հանձնաժողովի ընդլայնված լսումներ են եղել, որտեղ քննարկել են այս հարցում հնարավոր տարբերակները: